ՌԴ-ն հայ ռազմագերիների հարցում, որքան հնարավոր է, մեզ օգնում է, բայց պատասխանատվություն չի կրում. Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ, գնդապետ Բորիս Ավագյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ինչպես հասարակության, այնպես էլ  պաշտոնյաների այն տեսակետին, թե հայ գերիների հարցի պատասխանատուն նաև Ռուսաստանն է և անձամբ ՌԴ նախագահը։

«Ռուսական կողմը միջնորդ է, որն օգնել է կանգնեցնել պատերազմական գործողությունները։ Ինչ վերաբերում է նրան, որ պատասխանատուն ռուսական կողմն է, ապա դա բացառող հայտարարություն է, որովհետև մենք՝ որպես պետություն, իրավունք չունենք համարել, որ մեր հայրենակիցների հարցով կարող է զբաղվել օտար պետություն։ Հայտարարությունները, թե ՌԴ-ն ունի պատասխանատվություն գերիների գործընթացի վերաբերյալ, տեղին չէ, նա որքան հնարավոր է՝ մեզ օգնում է, բայց պատասխանատվություն չի կրում»,- նշեց Բորիս Ավագյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ տեղեկություն չունի՝ Բաքվում, բացի Շիրակցի գերեվարվածներից, այլ գերիներ կա՞ն, թե ոչ։

Բորիս Ավագյանը նաև ընդգծեց, որ չի համարում, թե հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու բոլոր գործիքները սպառել են, նրա կարծիքով՝ գործընթացը պետք է այնպիսի փուլ մտնի, որպեսզի հասկանան, թե խնդրի ռացիոնալ լուծման ճանապարհը որն է։