Կմեկնարկի 386 մ երկարության՝ Սադախլո-Բագրատաշեն կամրջի շինարարությունը

Կայացել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, առցանց ձևաչափով կայացած նիստի աշխատանքների արդյունքներով տրվել է «Բարեկամություն» անվամբ նոր կամրջի շինարարության մեկնարկը։

Նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանի ներկայացմամբ,  կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Կամուրջն ունենալու է 386 մ երկարություն‚ ճանապարհի լայնությունը՝ 8.35մ։ Յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Կողմերը հաստատել են նախագծային փաստաթղթերը‚ շինարարության համար անհրաժեշտ անձնակազմի, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք շինարարական գոտի պետք է մուտք գործեն պարզեցված ընթացակարգով։

Պետական մարմնից հիշեցնում են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։