Ակնհայտ է, որ նկարագրված գործընթացները ուղղակիորեն ազդում են նաև Հայաստանի ու Արցախի վրա

Թուրքիան սրում է խաղադրույքները թե Արևմուտքի, թե Արևելքի հետ հարաբերություններում և հիմնականում ստանում է այն, ինչ անհրաժեշտ է հենց Թուրքիային

Հայաստանի հանրային դիսկուրսը մեծապես ախտահարված է հանցավոր միամտության և կարճատես ռոմանտիզմի վիրուսով, ուստի կարևոր եմ համարում  իրական քաղաքականության՝ real politic-ի ցավալի մի դրույթ առավել մանրամասն քննարկել ձեզ հետ:

Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է:

Թուրքական քաղաքական մտքի բացառիկ ինտելեկտուալներից, նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ճշգրիտ նկարագրել էր, որ  «Թուրքիան եվրոպական երկիր է, ասիական երկիր է, միջինարևելյան երկիր է, բալկանյան երկիր է, կովկասյան երկիր է, Աֆրիկայի հարևանն է, սևծովյան երկիր է, կասպյան երկիր է՝ այս ամբողջը»:

Ծովերի, մայրցամաքների և ռեգիոնների խաչմերուկում գտնվող այս պետության կարևորությունը գիտակցում են գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար մղող բոլոր հիմնական դերակատարները:

Բալկաններ, Սև Ծով, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջերկրական ջրավազան՝ ահա այն գեոպոլիտիկ ծաղկեփունջը, որ կստանա է որպես մրցանակ «թուրքական թամբի» հեծնողը:

ԱՄՆ-ին և ԵՄ-ին Թուրքիան օդուջրի պես է անհրաժեշտ Ռուսաստանի դեմ թե արտաքին բազմաթատերաբեմ  պայքարը սրելու, թե հենց Ռուսաստանի ներսում պանթուրքիստական և պանիսլամիստական անհանգստության օջախներ ստեղծելու համար: Թուրքիան նաև Չինաստանի գերաճող ազդեցությունը զսպելու հանգուցային դերակատար է «Մեկ գոտի, մեկ ճամնապարհ» մեգանախագծի շրջանակներում՝ որպես այդ նախագծի միջնային միջանցքի` «Middle corridor» մարգարիտ:

Թուրքիայի արժեքն այնքան մեծ է, որ Արևմուտքը իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով և ոչ մի հետևանք չունեցող հերթապահ քաղաքական քննադատություններով և  նրան ներել թե ռուսական S 400 ձեռքբերումը, թե մարդու իրավունքների ոտնահարումները, թե քրդերի դեմ պայքարը, թե Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ բացահայտ ագրեսիվ գործողությունները,  թե հանրային նվաստացումները, ինչպես վերջերս Անկարայում տեղի ունեցավ ԵՀ ղեկավար Ուրսուլա Վան դեռ Լեյենի հետ:

Պակաս առատաձեռն չէ նաև հավաքական Արևելքը՝ Թուրքական էներգետիկ հանգույցներ, նոր ատոմակայան, հսկայական ներդրումներ, միջմայրցամաքային նշանակության լոգիստիկ ուղիներ, աշխարհաքաղաքական ամբիցիաների բավարարում՝ Լիբիայից մինչև Հարավային Կովկաս:

Ռուսաստանի և Չինաստանի համար Թուրքիան եվրասիական տարածքը ցեմենտող և Արևմուտքի ոտնձգություններից ապահովագրող կարևորագույն գործոն է Սև ծովից մինչև Միջին Ասիա ընկած հսկայական տարածքում: Առանց Թուրքիայի ներգրավման՝ անհնար կլինի կոնսոլիդացնել եվրասիական ողջ պոտենցիալը գեոպոլիտիկ պայքարի առկա փուլում:

Թուրքիայի նախագահը այս ամենը հրաշալի է պատկերացնում: Նա սրում է խաղադրույքները թե Արևմուտքի, թե Արևելքի հետ հարաբերություններում և հիմնականում ստանում է այն, ինչ անհրաժեշտ է հենց Թուրքիային՝ դառնալու համար ոչ միայն տարածաշրջանային գերտերություն, ինչին նա այլևս հասել է, այլ հավակնելու նաև առնվազն ենթագլոբալ մակարդակի դերակատարությանը՝ հմտորեն խաղալով մյուս դերակատարների տարաձայնությունների վրա և դիվանագիտության մեջ ճշգրիտ համադրելով կոշտ և փափուկ ուժերը:

Այս ամենը մանրամասնորեն ներկայացնում եմ, որովհետև ակնհայտ է, որ նկարագրված գործընթացները ուղղակիորեն ազդում են նաև Հայաստանի ու Արցախի վրա, ինչի շուրջ և այս ամենում՝ Նիկոլի առանձնահատուկ դերակատարության մասին կխոսեմ հաջորդիվ:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից