Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի առաջարկել դադարեցնել պատերազմը, դա արձանագրված է ձայնագրությամբ. Ն. Փաշինյան

Ես այս առիթը պատեհ եմ համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս ընթացքում ունեցել ենք թյուրըմբռումներ, ոմանք՝ հատուկ պլանավորված, ոմանք՝ ակամա և ոչ դիտավորյալ:

Ուզում եմ սկսել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի արված հայտարարությանից: Նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:

Ուզում եմ այս ամբիոնից պատախանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի, չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ:

Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առաջ դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,-հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԳՇ պետը չէր կարող նման հայտարարություն անել սեպտեմբերի 30-ին, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում զեկույցում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով և միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները:

Վարչապետը նշեց, որ այս ամենը չի նշանակում, թե ՀՀ ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ. «Ուզում եմ հիշեցնել, որ ամենաբարձր մակարդակով երեք անգամ ունեցել ենք հրադադարի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ և պայմանավորվածություններ»:

Նիկոլ Փաշինյանը ընթերցեց Մոսկվայում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ընդունված հայտարարության տեքստը, ապա հավելեց, որ հրադադարը չի կայացել, քանի որ Ադրբեջանը չի պահպանել այն Թուրքիայի հայտարարությունների ֆոնին, որ իրենց կարծիքով Ադրբեջանը չպետք է պահպանի հրադադարը:

Նա հիշեցրեց, որ մյուս երկու հայտարարությունները ձեռք են բերվել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ: Վերջին հայտարարությունը եղել է հոկտեմբերի 26-ին: