Մոտակա տարիներին մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու․ Քաղաքագետ

Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք. այն, ինչը տեղի է ունեցել 2018-ին, նախորդ տարիների անհեռատես քաղաքականության հետևանքն է եղել:

Հայաստանում ոչ միայն չի ձևավորվել «խորքային պետություն» (առանց որի կայուն պատություն չի կարող լինել)՝ պետական հստակ արժեքային համակարգի վրա հենված վարչական կայուն ապարատ, որը կարողանար հավասարակշռեր քաղաքական համակարգն անթույլատրելի խարխափումներից։

Տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ ոչնչացվել են արդեն իսկ եղած պետական արժեքներն՝ ազգային անվտանգության հիմնարար առանցքները, կառավարման համակարգի կադրերի հավաքագրման չափորոշիչները, սոցիալական լիֆտերը, արդարության ու օրինականության պարզագույն չափորոշիչները:

Արդյունքում, սկզբնական փուլում, խորհրդարան է մտել հակահամակարգային ԵԼՔ դաշինքը, որն, արդեն հաջորդ քայլով, քաղաքական համակարգի ավերակների վրա եկել է իշխանության, մարդկանց հույս ներշնչելով, որ ինչ-որ նոր համակարգ է կառուցվելու։ Բնականաբար, այդ ամենը տեղի է ունեցել արտաքին միջամտության շնորհիվ, աշխարքաղաքական իրավիճակի փոփոխության նպատակով։

Ֆիքսենք, որ այսօր քաղաքական ու հասարակական դաշտում տոքսիկ միջավայր է ձևավորվել, որը գնալով ավելի է խորանում ու մեկ արտահերթ ընտրությունների միջոցով այս թունավոր մթնոլորտը չի վերանալու։

Հայկական պետականության քայքայումն առաջին հերթին արժեքային դաշտի ոչնչացման հետևանքն էր, վերականգնումը նույնպես այդ հարթությունում է կարող լինել․

– իրավիճակի ճիշտ գնահատում,

– խնդիրների հստակ ձևակերպում,

– ճգնաժամային կառավարման առաջնահերթությունների հստակեցում։

Նաև պետք է հասկանանք, որ եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան, ապա նոր կառավարությունը լինելու է ընդամենը ժամանակավոր կառավարություն, իսկ նոր վարչապետը՝ ճգնաժամային մենեջեր, որից հետո մեզ սպասվում են հերթական արտահերթ ընտրություններ։

Առհասարակ, մոտակա տարիներին մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու, մինչև որ կիսանախագահական կառավարման մոդելի անցում չկատարենք ու նոր քաղաքական համակարգ չձևավորենք, ինչը հնարավոր չի լինի անել, առանց «խորքային պետության» կառուցման, որը համապատասխան փակագծերի մեջ պահի քաղաքական համակարգը ներքին ապակառուցողական զանգվածներից, ինչպես նաև արտաքին միջամտություններից։

 

Ստեփան Դանիելյան