ՊՆ աշխատակիցները պատանդ են մնացել նախարարության շենքում․ Hraparak.am

Գերիների ու անհետ կորածների ազգականներն առավոտից շղթաներով փակել են Պաշտպանության նախարարության երեք մուտքերը՝ թույլ չտալով որևէ մեկին ներս ու դուրս անել: Ասում են՝ մինչև չհանդիպենք նախարար Վաղարշակ Հարությույնաին՝ դռները չենք բացելու: Աշխատանքային օրը վաղուց ավարտվել է, իսկ նախարարության ողջ անձնակազմը դեռ ներսում է: Այս մասին հաղորդում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՊՆ աղբյուրին:

«Հաշվի չեն առնում, որ մեջներս հիվանդներ կան, տանը փոքր երեխա ունեցողներ կան, մեզ բանտարկել են՝ պահանջելով հանդիպում՝նախարարի հետ»,- հեռախոսով տեղեկացրեց ՊՆ աշխատակցուհին: Վերջինիս փոխանցմամբ՝ նախարարը շենքում է, իսկ թե ինչու չի ընդառաջում գերիների ու անհետ կորածների հարազատներին՝ ինքը չի կարող մեկնաբանել: «Պաշտոնյաներից որևէ մեկը չի փորձում բանակցել հետները, մենք ենք բանակցում, խնդրում, որ գոնե կանանց թույլ տան՝ տուն գնան, չեն համաձայնում: Հստակ պայման են դրել. հանդիպում ու վերջ»:

Որդիներին կորցրած ծնողներից բացի, այս պահին ՊՆ շենքը շրջապատել է նաև Ոստիկանության և ՌՈ զորքը: «Զարմանալի է, որ ոչ մի լրատվամիջոց չկա: Մեր տեղեկություններով՝ ծնողները թույլ չեն տվել, որ իրենց ակցիան լուսաբանվի»,-ասաց աշխատակցուհին, ով չանսալով այդ արգելքին՝ ահազանգել է մեզ: