Նախորդ քաղաքային իշխանություններից մնացած բյուջեի համեմատ՝ այս պարգևատրման ֆոնդը շուրջ 300 մլն-ով ավելի է. Դավիթ Խաժակյանը՝ պարգևատրման կրճատված ֆոնդի մասին

Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատեց մայրաքաղաքի բյուջեն։ Ընդդիմադիր խմբակցություններն այդ նիստին չէին մասնակցում: 168.am-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս բյուջեն նախորդ տարիների բյուջեի կրկնօրինակն է, անընդունելի համամասնություններով:

«Իրենք փորձեցին շեշտադրել, որ կրճատել են պարգևատրման ֆոնդը, բայց անգամ 2018թ․ համեմատ՝ նախորդ քաղաքային իշխանություններից մնացած բյուջեի համեմատ, այս պարգևատրման ֆոնդը շուրջ 300 մլն-ով ավելի է, քան այն տարիներին: Այսինքն, այդուհանդերձ իրենք գերազանցել են անարդյունավետության հնարավոր բոլոր ցուցանիշները: Մենք հաստատում ենք տարեկան բյուջեն, հետագայում այն թերակատարվում է, այսինքն՝ պատշաճ կերպով ծախսերը չեն իրականացվում, և սա նշանակում է, որ անկախ նրանից, թե ի՞նչ համամասնություն մենք կհաստատենք, նույնիսկ դա հավուր պատշաճի չի իրականացվում»,- ասաց Խաժակյանը:

Մեր ճշտող հարցին, թե ստացվում է, որ ավագանին պարգևատրման ֆոնդը կրճատել է ոչ թե նախկին իշխանության, այլ հենց իր հաստատած պարգևատրման նախորդ ֆոնդի նկատմամբ, Խաժակյանն արձագանքեց.

«2018-ի պարգևատրման բյուջեն, որը կազմել է նախորդ ավագանին, որի անդամն էինք նաև մենք, կազմում էր շուրջ 700 մլն, հաջորդ տարվա համար իրենք նախատեսեցին 1 մլրդ 900 մլն դրամ: Հիմա այն նվազեցրել են շուրջ 1 մլրդ-ի, բայց դրանով, միևնույն է, ստացվել է այնպես, որ իրենք ավելին են նախատեսել: Մնացածն էլ տեղակայել են պահուստային ֆոնդում, չեն վերաբաշխել՝ որպես ծախսեր, որ կարողանան քաղաքը զարգացնել»:

Ավագանու տարեվերջյան նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկն առաջարկեց, որպեսզի աշխատավարձի փոխարեն պարգևավճար տալու փոխարեն՝ 30, 50, 100 տոկոսով բարձրացնեն աշխատավարձերը: Նա նաև պնդեց, որ մինչև փետրվար նախագիծ կմշակեն:

Անդրադառնալով այս առաջարկին՝ Դավիթ Խաժակյանն ասաց.

«Ես ժամանակին ասել եմ և վերջերս ևս պնդել եմ, որ աշխատավարձ թույլատրելի է բարձրացնել միայն այն դեպքում, երբ օպտիմալացվի հաստիքացուցակը: Այսինքն՝ նույն աշխատավարձային ֆոնդի դեպքում բարձրացնել աշխատավարձերը, եթե որոշակի օպտիմալացումներ են իրականացվում: Իրենք ցանկանում են պարգևատրման ֆոնդի հաշվին դա իրականացնել, դա և՛ անարդյունավետ է, և՛ այս փուլում նման նախագիծ դնել շրջանառության մեջ պարզապես բարոյական չէ, որովհետև այս իրավիճակում, երբ տնտեսությունը էապես կրճատվում է, խոսել աշխատավարձերի բարձրացման մասին՝ ճիշտ չէ, բայց դա չի նշանակում, որ աշխատավարձերի բարձրացման կարիք չկա, որը պետք է իրականացվեր օպտիմալացումների միջոցով:

Հիշեցնեմ, որ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածու էր, աղաղակում էր ուռճացված հաստիքացուցակների մասին, և փաստացի, երբ իր իշխանությունը ստանձնեց քաղաքային կառավարման ղեկը, համարեց, որ ոչ միայն ուռճացված չէ, այլև էլ ավելի ուռճացրին: Հիմա մեր հաստիքացուցակներն  ավելի ուռճացված են՝ քան նախկինում»: