2020 թվականին փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի է արժանացել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը

2020 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց: Այս մասին տեղեկանում ենք HelpCourt-ի ֆեյսբուքյան էջից:

«Թափանցիկ ձեռք 2020» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2020 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ: Արդյունքում՝ Ալեքսանդր Ազարյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի ԵՌԱԿԻ մրցանակակիր:

Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ազարյանին և մաղթեց որպեսզի վերջինիս աշխատանքը միշտ լինի գնհատված ինչպես փաստաբանների, այնպես էլ հանրության կողմից:

Պարոն Ազարյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն փաստաբաններին, ովքեր գնահատել են իրեն։ Դատավորն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև իր աշխատակազմին, մասնավորապես, Արսեն Հարությունյանին և Լուսիկ Հայրապետյանին:

Նշեց նաև, որ անչափ գնահատում է իր օգնականի՝ համավարակով պայմանավորված բացակայության ընթացքում իրեն աջակցած այլ անձանց աշխատանքը:

Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին http://helpcourt.am/ էլ. կայքի միջոցով: Այդ թվում տեսնել, թե ո՞ր փաստաբանը, ո՞ր դատավորին ի՞նչպես և ե՞րբ է գնահատել:

Համակարգը շնորհակալություն է հայտնում վարկանիշավորման գործընթացին մասնակցած բոլոր փաստաբաններին:

Համակարգն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև Գյումրի քաղաքում գործող gHost Services ՍՊԸ-ի ողջ անձնակազմին: Շնորհիվ նրանց համակարգը կրկին ապահովվեց որակյալ ծրագրային աջակցությամբ:

Համակարգն իր շնորհակալությունն է հայտնում նաև STEKO ընկերությանը, որը համակարգին կրկին ապահովեց բարձրաճաշակ և խորհրդանշական «Թափանցիկ ձեռք» հուշանվերով:

Դատավորների 2020 թվականի վարկանիշավորման գործընթացը համարվում է ստացված: