Փաստաբանների պալատը ՀՀ դատախազությանը փոխանցեց Փաշինյանի դավաճանության վերաբերյալ հաղորդումը

ՀՀ դատախազության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ վարչապետի արարքում դավաճանության հանցակազմի տարրեր կան և փաստաբանների համայնքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ դատախազություն:

Նրա խոսքով, հաղորդումը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 299-րդ՝ պետական դավաճանության հոդվածով նախատեսված հանցավոր արարքների կատարման փաստի կապակցությամբ:

Արա Զոհրաբյանն ընթերցեց փաստաթղթի մի հատվածը, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով փակուղի է մտցրել Ադրբեջանի հետ բանակցությունները և նրա անմիջական հրահանգով ձեռք է բերվել այնպիսի զինտեխնիկա, որը սպասվելիք պատերազմում կիրառվել և բարձր օգտակարության գործակից ունենալ չէր կարող:

«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել, որով սահմանափակվել է նաև ռազմական գործողությունների վերաբերյալ հրապարակային խոսքը: Այս սահմանափակումները նպաստել են հասարակության մոլորեցմանը, այդ թվում զոհերի և ռազմագերիներ մասին տեղեկություններ չստանալուն»,- ներկայացրեց Զոհրաբյանը:

Ըստ հայցադիմումի հիմնավորման, զորահավաքը կազմակերպվել է թերի, բազմաթիվ անձինք, լինելով ծանուցված, այդպես էլ մասնակից չեն եղել սահմանների պաշտպանությանը, ինչպես նաև պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հրամանով անմիջականորեն դադարեցվել է լրահամալրումը:

«Նիկոլ Փաշինյանը հրապարակային աղբյուրներով տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշարների և պահուստների, պահեստազորի մեկ տարվա զորացրվածների քանակի, ինչպես նաև ծրագրավորվող ռազմական գործողությունների մասին:

Դեռևս հոկտեմեբրի 19-ին և 20-ին, ունենալով շատ ավելի քիչ կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, նա չի դադարեցրել պատերազմը, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրել է հայտարարություն, որով ուղղակի վտանգի տակ է դրել ՀՀ և ԱՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը»,- ասվում է դատախազությանը հանձնվող փաստաթղթում:

Ըստ փաստաբանների ներկայացրած հիմքերի, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ չի իրականացրել Սյունիքի մարզի և մի շարք համայնքների սահմանների պաշտպանությունը՝ զիջելով  մարզի հարակից տարածքները Ադրբեջանին, այն էլ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում Քաշաթաղի կամ նրա որևէ մասի հանձնման մասին որևէ խոսք չկար:

Փաստաբանները նաև նկատել են, որ ամբողջությամբ լուծված չեն ռազմագերիների փոխանակման և մահացածներին փոխանցելու հարցերը և առկա է պետական սահմանների ճշգրտման անհրաժեշտությունը:

Փաստաբանների պալատի նախագահը շեշտեց, որ նշված արարքների հետևանքով անմիջական ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը ստացել է հսկայական առավելություն:

«Պատկերացրեք, թե ինչ վիճակում է հայտնվել փաստաբանների համայնքը, որ որոշել են այս եղանակով պաշտպանել իրենց իրավունքները, փորձել կառուցել մեր երկրի ապագան»,- հայտնեց Արա Զոհրաբյանը և հաղորդումը փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանին: