Նիկոլի քայլը. Եռաբլուրի պղծում` ուսուցիչների և քաղծառայողների ստրկացմամբ․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Ներկայիս իշխանությունների մոլի երկրպագուները, որպես նոր իշխանության նվաճում, նշում էին մարդկանց ազատագրումը ստրկացումից, իսկ որպես դրա վառ օրինակ` սիրում էին հիշատակել երկրի ղեկավարների ներկայությամբ անցկացվող հանրային միջոցառումներին մասնակցության պարտադրանքից ազատագրումը։

Իսկ այսօր հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, ըստ էության, անցել սեփական երկրի քաղաքացիների ստրկացմանը։

Yerkir.am–ը հայտնել էր, որ պատկան մարմինների ղեկավարները Երևանի և մարզային դպրոցներին պարտադրում են մասնակցել վաղը՝ դեկտեմբերի 19-ին, իշխանությունների կողմից կազմակերպվելիք սգո երթին դեպի Եռաբլուր։ Նշել էինք, որ մարզերից ահազանգում են, որ տնօրեններին հրահանգել են ուսուցչական կազմից երթին մասնակցողների «քանակ ապահովել»` ըստ դպրոցների թվաքանակային կազմի. որոշ դպրոցների հրահանգվել է 8, 10 և 20 մարդ ապահովել։

Քիչ առաջ արդեն հստակ տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն խստորեն պահանջել է աշխատակիցներից՝ ժամը 12:00-ին լինել Ազատության հրապարակում, որպեսզի մասնակցեն Նիկոլի շոուին: Այս գործը համակարգում է ՊԵԿ-ի նախագահի` ոչ անհայտ տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, որը հասարակությանը հայտնի է Նակոլկա Շուշո անվամբ:

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին է հանձնարարել բոլոր մարզպետերին՝ հստակ թվով մարդիկ ապահովել վաղվա ներկայացմանը: Մյուս նախարարությունները ևս դուրս չեն մնացել իշխանությունների տեսադաշտից. կադրերի բաժնի պետերը զանգահարել են վարչություններ ու բաժիններ և նախարարների անունից հրահանգել աշխատակիցներին՝ վաղը մեկ մարդու նման մասնակցել երթին: Անգամ խոսք է գնացել ներկա-բացակա անելու մասին:

Նիկոլի անմիջական հրահանգով նույն կերպ են վարվել նաև ուժային կառույցների, պետության ենթակայության տակ գործող առողջապահական հաստատությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանը, մարզերի՝ իշխանություններին կամակատար  քաղաքապետարարաններն ու համայնքապետարանները և այլն: Այս մասին արդեն հրապարակավ ահազանգել են բազմաթիվ քաղաքացիներ:

Հասարակության կողմից մերժված Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, դավադրաբար վաճառելով հերոսների պաշտպանած հայրենիքի զգալի հատվածը, վտանգելով 30-ամյա պետականության հիմքերն ու խամրեցնելով ժողովրդի ապագան, այժմ էլ փորձում է իր քաղաքական դիվիդենտների համար պղծել Եռաբլուրը՝ համազգային սրբատեղին վերածելով կրկեսային ներկայացման հարթակի: