Հաջորդ լարվածությունը կարող է առաջանալ Կուբաթլուի և Զանգելանի հատվածում՝ այդտեղով անցնող ռազմավարական նշանակության ճանապարհ ունենք, սահմանների ճշգրտման հետ կապված որոշակի հարցեր կան. Փաշինյան

Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններին է վերաբերում: Այս մասին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ:

Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում:

Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում:

Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ:

Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան, և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»,- հայտարարել է Փաշինյանը: