ԱՄՀ-ն Հայաստանին կհատկացնի 36 մլն դոլարի վարկ

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 36.9 մլն դոլարի փաստացի հատկացումը՝ փոխանցում է Gazeta.ru կայքը:

«ԱՄՀ գործադիր խորհուրդն ավարտել է stand-by վարկի վերաբերյալ պայմանավորվածության ծրագրի շրջանակում ՀՀ գործունեության արդյունքների երրորդ ամփոփումը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՀ տվյալների համաձայն՝ կապված կորոնավիրուսի համավարակի և Արցախի շուրջ ստեղծված վերջին իրավիճակի հետ, ակնկալվում է, որ 2020-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ն կնվազի 7%-ով, իսկ հաջորդ տարի սպասվում է վերադարձ դեպի դրական աճ:

Բացի այդ, չնայած տնտեսական անորոշ հեռանկարներին ու ճնշմանը, երկրի իշխանությունները հավատարիմ են տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ուղղված մակրոտնտեսական կայունության պահպանմանը և սոցիալական ծախսերի ապահովմանը: