Արժանապատիվ բուժաշխատողների միությունը պահանջում է կառավարության հրաժարականը

ՀՀ կառավարություն հեռացիր

Այն կառավարությունը, որը չի կարողանում հավաքել, համախմբել, տեր կանգնել, պաշտպանել, ճշմարտությունն ասել, զարգացնել, սեփական սխալներն ընդունել, ապաշխարել, այլ ցրում է, պառակտում, հանձնում, ստում, մոլորեցնում, կազմաքանդում պետական ինստիտուտները, մեղավորներ նշանակում բոլորին, բացի իրենից, պետք է հրաժարական տա:

Այն կառավարությունը, որը չի առաջնորդվում առաքինությամբ, ողջախոհությամբ, խոհեմությամբ, օրինականությամբ, այլ հակառակը՝ սին հպարտությամբ, ցինիզմով, մեծամտությամբ, ապօրինությամբ, զբաղված է ոչ թե իր անմիջական պարտականությունների կատարմամբ, այլ իրականացնում է կառավարման իմիտացիա, հմուտ կառավարման անընդունակությունը քողարկում է շոուներով և սելֆիներով, երկիրը ռազմական պարտությունից հետո տանում դեպի տնտեսական և քաղաքակրթական մեծ աղետի,

Մերժում է օրհնութունը, ընտրում է նզովքը,

Ունենալով բազմաթիվ առիթներ ինքնամաքրվելու, ունակ չի լինում դա անել,

Ունենալով բազմաթիվ պատճառներ հեռացնելու իր շարքերից իրենց ոլորտը ձախողած նախարարներին, չի կարողանում կամ չի ուզում դա անել, պետք է ինքը հեռանա:

Առողջապահական ոլորտում ազգային անվտանգությանն առնչվող հարցերը օրակարգային չեն, ավելին՝ անտեսված են: Պետականամետ, սուվերեն որոշումների կայացումը բնագավառում ստորադասված է անձնական նկրտումներին և օտար թելադրանքներին, ինչը սպառնալիք է հանրային առողջությանը:

Այլևս փաստ է, որ կառավարությունը չի կարողանում կամ չի ուզում տարանջատվել ոլորտը պառակտած, մասնագիտական ներուժը ջլատած և կարծիքը արհամարհած, բուժաշխատողներին հետապնդման ու հալածանքի ենթարկած, աշխատելու և հայրենիքին ծառայելուց զրկած, համակարգը կազմաքանդած, համավարակի դեմ պայքարը տապալած, անձնական ու խմբակային շահերով առաջնորդված առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձից:

Այդպիսով, ՀՀ կառավարությունն իրեն նույնականացնում է այդ անձի հետ, իր վրա վերցնելով ու կիսելով նրա արատավոր քայլերի, ապաշնորհ կառավարման, ապօրինությունների, այդ թվում կառավարության ապօրինի որոշումների ու օրենսդրական նախագծերի ողջ պատասխանատվությունը:

Հետևաբար, ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով պետք է ինքը օր առաջ, հոժարակամ, անցնցում հեռանա և ճանապարհ ազատի այնպիսի կարող ուժերի առջև, որոնք ջանք չեն խնայի երկիրը, պետական կառավարման համակարգը, ազգային անվտանգությունը, տնտեսությունը, կրթությունը և իհարկե` առողջապահությունը դուրս բերելու խորը ճգնաժամից և օրհասական վիճակից, դիմակայելու ներքին և արտաքին մարտահրավերներին:

Եվ թող Տեր Աստված օրհնի մեր հայրենիքն ու ժողովրդին, բժշկի, դարձի բերի, վերադարձնի իր գիրկը, մաքրի միտքը, հոգին ու մարմինը, ունակություն տա կայացնելու սթափ և խելամիտ որոշումներ: Ամեն:

Արժանապատիվ բուժաշխատողների միություն