ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու համար. Reuters

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ անցած տարի ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով 5 աղբյուրների, որոնցից 3-ն ԱՄՆ պաշտոնյաներ են: Այս քայլը կարող է վատթարացնել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների առանց այդ էլ վատ հարաբերությունները:

Պատժամիջոցներն ուղղված կլինեն Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահությանը և նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրին, որոնք, սակայն, այդքան էլ ծանր չեն լինի, ինչպես ենթադրում են մի խումբ վերլուծաբաններ, տեղեկացրել են աղբյուրները:

Այս լուրերի հետևանքով թուրքական լիրան ընկել է 1,4 տոկոսով, որը կարող է ծանր անդրադառնալ համաճարակի արդյունքում  առանց այդ էլ թուլացած թուրքական տնտեսության վրա:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այդ պատժամիջոցները կվնասեն ՆԱՏՕ-ի երկու անդամների հարաբերությունները՝ նշելով, որ Թուրքիան կողմ է դիվանագիտական ճանապարհով և բանակցություններով հարցի կարգավորմանը և չի ընդունի միակողմանի պարտադրումներ: Այսպիսով Անկարան փորձում է նախազգուշացնել ԱՄՆ դաշնակից պետություններին՝ ռուսական զինամթերք ձեռք բերելու հետևանքների մասին:

ԱՄՆ պաշտպանական համակարգը նախատեսում է 740 միլիարդ դոլար բյուջեով օրենքի նախագիծ, որը Սենատում այս շաբաթվա սկզբին հաստատվելուց հետո կստիպի 30 օրվա ընթացքում Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառել:

ԱՄՆ-ն դուրս է հանել Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից, սակայն, հակառակ սրան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ոչ շատ կոշտ քաղաքականություն վարել՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավմանը չնպաստելու համար: Ըստ վերոնշյալ աղբյուրների Թրամփը երկար ժամանակ հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանի Դաշնությունից 2019 թվականին ձեռք էր բերել C-400 համակարգեր և հայտարարել, որ դրանք մաս չեն կազմելու ՆԱՏՕ-ի համակարգին: