Թուրքիայի և Ադրբեջանի միջև չեղարկվել է վիզային ռեժիմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցելության շրջանակներում այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգ փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն արձանագրություն են ստորագրել, որով փոփոխություններ են սահմանվում երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման մասին միջկառավարական համաձայնագրի մեջ: Ավելի ուշ Չավուշօղլուն մասնավորեցրել է, որ փաստաթուղթը թույլ է տալիս այցելություններ կատարել ներքին անձնագրերով:

Բացի այդ, թուրքական BMC Otomativ ընկերությունը պայմանավորվել է ադրբեջանական տրանսպորտային գործակալությունների հետ համագործակցության զարգացման մասին:

Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալությունը և Թուրքիայի նախագահին կից ներդրումային գրասենյակը հուշագիր են ստորագրել փոխըմբռնման մասին: Բաքուն և Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել նաև ԶԼՄ-ների ոլորտում ռազմավարական գործընկերության շուրջ:

Էրդողանը Բաքվում է գտնվում երկօրյա այցով: