Միացյալ Նահանգների կեղծավորությունը Արցախի հարցում

Այսպիսով, դավաճանությունից և Արցախը կովկասյան թաթարներին վաճառելու կամ «նվիրաբերելու» գործողությունից հետո՝ ամերիկյան հետախուզական ցանցի կողմից՝ ի դեմս Փաշինյանի և նրա «քայլարաստների», ԱՄՆ-ը սկսել է որոշ հույզեր արտահայտել կապված այն բանի հետ, որ Թուրքիան սկսում է «անհանգստացնել» ամերիկացիներին… Կարելի է հարցնել. ի՞նչ է պատահել հանկարծ: Իսկապես, ռազմական գործողությունների ընթացքում Միացյալ Նահանգները, ինչպես մյուս մեծ տերությունները, բացահայտ թքել է հայ ժողովրդի, հատկապես Արցախի վրա: Այսպիսով, պարզվում է, որ Վաշինգտոնն այժմ «ծայրաստիճան անհանգստացած է այն դերի կապակցությամբ, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններում»: Այս մասին դեկտեմբերի 8-ի երեկոյան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) անդամների ճեպազրույցում:

«Մենք շատ հարցեր ունենք այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ: Մենք ծայրաստիճան մտահոգված ենք և այդ մտահոգությունը հայտնել ենք Թուրքիայի դերի, Թուրքիայի կողմից օտարերկրյա գրոհայինների տեղափոխման, զենքի մատակարարման վերաբերյալ (իհարկե` պատերազմի գոտի): Այս հարցերը մտահոգիչ են և մնում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մի մասը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան: Միևնույն ժամանակ, ըստ նրա խոսքերի, Միացյալ Նահանգները ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը և «խորապես ցավում մարդկային իսկապես դաժան և անկասկած անհարկի զոհերի համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- նշել է դիվանագետը: «Մենք շարունակում ենք շեշտել, որ այս երկարամյա հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Ռիկերը՝ հավելելով, որ լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի  շուրջ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խոսնակ Օմեր Չելիքը պատմական է համարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կովկասյան թաթարների խամաճիկային հանրապետություն կատարվելիք այցը, որը համընկնում է Բաքվում անցկացվող զորահանդեսի հետ` ի պատիվ վերջին ղարաբաղյան պատերազմի ավարտի: «Մեր նախագահը մեկնելու է Ադրբեջան: Այս այցը պատմական նշանակություն ունի: Նա կմեկնի Բաքու՝ շնորհավորելու Ադրբեջանի զինված ուժերին»,- հայտարարել է Չելիքը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ Էրդողանի գրասենյակը հայտնել էր, որ Թուրքիայի ղեկավարի այցը Ադրբեջան տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ շաբաթ պաշտոնապես հաստատել է, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի կունենա զինված հակամարտության ավարտին նվիրված զորահանդես:

Աշխարհը լավ գիտեր, որ Անկարան Բաքվին բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել վերջին ռազմական գործողությունների ընթացքում՝ ընդգրկելով թուրքոման  ահաբեկիչներին Սիրիայից պատերազմական գոտի տեղափոխելը, իր ինքնաթիռների տեղակայումը և հարվածային համակարգերի մատակարարումը: Սակայն այն ժամանակ ԱՄՆլռում էր, ինչպես, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) մյուս համանախագահող երկրները՝ Ռուսաստանը և Ֆրանսիան: Արցախի հայության բանավոր «աջակցությունը», որպես պատերազմին Թուրքիայի ներգրավվածության դատարկ «դատապարտում». ահա այն ամենը, ինչով «օգնել են» ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի տարբեր պաշտոնյաներ պատերազմի ընթացքում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամներ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով կարող էին հեշտությամբ խեղդել Թուրքիային, ոչինչ չեն արել: Դա մի կողմից ենթադրում է, որ այս երեք համաշխարհային տերությունները նախապես գիտեին, որ Թուրքիան կպատերազմի հայերի դեմ Արցախում, և մենք չենք բացառում, որ թուրքերը նախապես նախազգուշացրել են ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, և նույնիսկ՝ լուռ համաձայնություն ստացել: Մյուս կողմից դա նշանակում է, որ Փաշինյանն ու «քայլարաստները», որքան էլ տարօրինակ հնչի, անհրաժեշտ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրներին՝ Արցախի Հանրապետությունը ոչնչացնելու համար: Իսկ թե ինչու է Ռուսաստանի Դաշնությունը ի վերջո ստիպել Փաշինյանին և Ի. Ալիևին՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի զորքերը տարածաշրջան ներգրավելու գաղափարից, և իր զորքերն է մտցրել Արցախ, արդեն այլ հարց է…

Այսպիսով, ի՞նչը այժմ «չի գոհացնում» և «ծայրաստիճան անհանգստացնում է» ԱՄՆ-ին: Հաստատ չենք կարող ասել: Ամենայն հավանականությամբ, այն փաստը, որ Թուրքիան և «Բաքվի հանրապետությունը» ի վիճակի չէին (Ռուսաստանի պատճառով) ավարտել իրենց առաքելությունը մինչև վերջ՝ պայմաններ ապահովել Իրանի հետ սահմանին ՆԱՏՕ-ի զորամիավորումներ մտցնելու համար: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ը ունի այդպիսի մեղադրանքներ և նույն «մտահոգության արտահայտությունները» դավաճան Փաշինյանի և նրա շրջապատի հասցեին: Նրանք բոլորը միևնույն հանցավոր դավադրության մեջ էին, որը կապված էր Արցախի Հանրապետության շուտափույթ կործանման հետ, ինչը Միացյալ Նահանգներին հնարավորություն կտար պնդել ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը, և դա պետք է լիներ Փաշինյանի և Ի. Ալիևի համաձայնությամբ… Այսպիսով, Ֆիլիպ Ռիկորի «ծայրահեղ անհանգստությունը» 20202-ի դեկտեմբերին «Թուրքիայի դերի» վերաբերյալ կեղծավորություն է, ոչ թե հանկարծակի «արթնացած մտահոգություն» Արցախի հայության անվտանգության վերաբերյալ:

Սերգեյ Շաքարյանց