Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ-1

Դոստոևսկին ասում է` երեխայի մեկ կաթիլ արցունքը ողջ աշխարհ արժե: Դրա համար է Դոստևսկին այսքան երկար է ապրում: Նա հումանիստ էր:

Անչափ հետաքրքիր հոգևոր ամպիլտուդի ենք ականատես, երբ դիտարկում ենք հայոց երեք նախագահների և մեկ վարչապետի, այն է` երկրի գլուխ համարվողների (իսկ ինչպիսին գլուխն է, այնպիսին մարմինն ու երկիրն է) հոգևոր ամպլիտուդը:

Նրանց մեջ գենետիկորեն ամենաաստրալն ու «տաղանդավորը» Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ամենաուղղագիծը, աստրալին գրեթե չտիրապետող, պրագմատիկ-աշխարհայինը` Ռոբերտ Քոչարյանը: Սույն հատկանիշները շախմատային տախտակին խիստ ներդաշնակ համադրողը, հումանիստական միջանցքներին տիրապետող, այդ առումով` նրանցից տարբերվողը` Սերժ Սարգսյանը: Բոլորին իր սատանայական դարչնագույն-պոչուկի` կոլբայի մեջ տեղափոխողը, դիվային կոլբան երկրի գլխին ջարդածը` Նիկոլ Փաշինյանը:

Սկսենք ԼՏՊ-ից. բարդ, անչափ բարդ հոգևոր տիպաժ է: Եզակիորեն Աստվածաշնչին ու հոգևորին տիրապետող, Մատենադարանի փոշին չակրաների մեջ կուտակած, «ցողարձակած», Մատենադարանում առկա «գաղտնի գրիֆով» անեծքների, օկուլտիզմի` նախնիների դիվային ողջ գրականությունը սերտած, կիրառած, Լյուցիֆերյան լույսից մինչև ֆաուստյան գործարքները կիրառող մեկը (հիշենք` Մեֆիստոֆելի և Ֆաուստի միջև գործարքը տեղի ունեցավ հետևյալ կերպ. Մեֆիստոֆելը կստանա Ֆաուստ-գիտնականի հոգին, եթե արտաբերի` «կանգ առ, ակնթարթ, դու գեղեցիկ ես». կյանքի զարգացման կանգի դիվային կրեդոն):

Ինչն արվեց 2008-ին:

ԼՏՊ-ի գիրն ու խոսքը «ամենադուխովնին» (ոչ թե ամենահոգևորը) է. ամենաոսկեղենիկն ու ամենախորունկը, որի կոդային`իրական նշանակությունը երկրորդ-երրորդ շերտերում չէ, այլ` շատ խորունկ է, սնվում է ողնաշարի հատակում, ասացինք, կոլբայի մեջ ծվարած օձի շարժերից, ինչը պատրանք է ստեղծում դրական էմոցիաների, իսկ իրականում չար արտածումների խոր շերտ ապահովում` ժամանակային կտրվածքով:

Իսկ սա շատերին հասու չէ, եզակիներն են սա հասկանում, այդ իսկ պատճառով նա կարողանում է գերել երկարատև ժամանակով, ի տարբերություն Նիկոլի դիվային պրիմիտիվ դեմագոգիայի:

ԼՏՊ-ի այդ «հատկությունը», ի դեպ, նաև դրական պատճառ հանդիսացավ, որ նրա իշխանության առաջին տարիներին երկիրը որոշակի վերելք ապրի, Արցախում հաղթանակներ ունենանք… ձգենք պաուզան, ու շատ անկեղծ գծենք Արցախի պարադիգման, քանզի այն ևս խոր հոգևոր հանգույց է. քաղաքականորեն ձևակերպած` մատրիցա, որի շուրջ հյուսվեց ապագա մեծ սագան ու էպոպեան` Մերձավոր Արևելքի, աշխարհի համար:

Արցախը նախ քանդեց աներեր թվացող ԽՍՀՄ-ը, նախահիմք դարձավ խորհրդային հանրապետությունների անկախության: Միջազգային «դավադիր հանրությունը» աչքերը փակեց և (ոչ իհարկե նույն Ռուսաստանի օժանդակությամբ) թույլ տվեց Հայաստանն իրենով անի Արցախը` ամբողջությամբ:

Նույն միջազգային «դավադիր հանրությունը» նույն աչքերը փակեց ու թույլ տվեց, որ այնտեղ այս օրերին տեղի ունենա «քամ բաք» ողբերգությունը հայոց համար, մեծագույն խառնակիչ-դավաճան-ԼՏՊ-ի հոգեժառանգ Նիկոլի ձեռամբ` այս անգամ կազմաքանդելու-հավաքելու Մերձավոր Արևելքը` Արցախը «վերադարձնելով» Ադրբեջանին:

Անցանք առաջ:

ԼՏՊ-ն, իր կոլբային օձի հետ առանձնացավ 1998-2008 թթ., 2008-ին նա արձակեց իր օձին` Նիկոլի տեսքով: Խիստ կատարյալ, եփված ժառանգի: Եթե չլիներ նրա հոգեժառանգը, ապա կարելի էր կարծել, որ ԼՏՊ-ն պարզապես Սողոմոն թագավորի ուշ շրջանն էր, որ զբաղված էր ընդամենը մոգությամբ, կռապաշտությամբ, իր ձեռակերտ արձանի շինիչ գործունեությամբ:

Չէ, ծերուկը երկար խաղացող էր ու մինչև չավարտեց իր հիվանդ ամբիցիաների պրոեկտումը հայոց վրա, նաև միջազգային «դավադիր հանրության» պլան «բ»-ն, հանգիստ չքնեց մարտի մեկի գիշերը, որից հետո կրկին մեկուսացավ իր «սև» շենքում` «Դավալուից ցախավելով եկող, քաղաքացիական պայմանագիր կնքած, Պուտինի հրաժարականը պահանջող», յուր երբեմնի «ստեղծագործության» հմայքը վայելելու` hայոց 10 պարմանների մահվան տեսքով… մարտի մեկին:

Զի ի տարբերություն մնացյալների, Մատենադարանի փոշու ու փակ գրիֆների միջից դուրս եկած նրա գիտակցությունը լավ գիտեր «ավետիսը»` զոհն ու զոհերը բազմապատկվում են, եթե նրանք լավ են խրվում հանրության ենթագիտակցության մեջ… խրել էր… ու պարման զոհերը բազմապատկվեցին հազարներով` Արցախյան մարտադաշտում…

Հա, մարտի մեկից հետո իր գործն արած մավրը կրկին հեռացավ «սև» շենք` «խոկալու»: Ի դեպ. առավել գերազանգ վայր խոկալու՝ էներգետիկ վամպիրը չէր կարող գտնել, այդ շենքը ժամանակին պատկանել է ՆԿՎԴ-ին, այնտեղ տեղի է ունեցել մարդկանց մատնության ամենամեֆիստոֆելյան աստրալ-տրագեդիան, տարիներ առաջ այդ շենքի վերանորոգման ժամանակ պատի միջից կմախք էր հանվել:

Իսկ հիմա ասենք ամենակարևորը. զարմանալիորեն ու հասկանալիորեն` Աստված նաև սիրում է ԼՏՊ-ին: Ինքը դա չի հասկանում, բայց մենք տեսնում ենք. նրան վերջին շանս է տրված շտկելու մի մեծ, կարևոր բան իր կյանքում: Այս հայրենիքի կյանքում:

Ինչն անչափ կարևոր հանգույց է իր և մեր բոլորի համար. նրան հնարավորություն է տրվել կանգնել ընկած տեղից… ի դեմս հրապարակում հայտնված Վազգեն Մանուկյանի, որից նա 1996-ին գողացել է այս երկրի զարգացման իրական հնարավորությունը, եթե ոչ Վազգենի հաղթանակը, ապա ընտրության երկրորդ փուլ անցկացնելու` երկրի գլխի իրական ընտրության հնարավորությունը:

Բայց ոնց երևում է` Լևոնը կրկին գալիս է հակառակ կողմից, իր կոլբայի հատակից. փորձում է ևս մեկ անգամ կրկնել իր սխալը, «տապալել» Վազգենին, որի անունով ոչ բոլորս ենք երդվում, սակայն երկրին տրված շանսը` փոսից դուրս գալու, չենք ցանկանում կորցնել…

Ընտրոթյունն իրենն է. կհասկանա՞ Աստծուց ու տիեզերքից իրեն ընձեռված հնարավորությունը, քաջություն և ուժ կունենա՞ այդ տարիքում գոնե լռել, անձնաքննություն անել, ճիշտ ընտրություն կատարել, կհաղթի երկիրը, կարձակվեն ահավոր մեծ կապանքները, հոգիներ կազատագրվեն, ու առաջին հերթին կհաղթի ինքը: ԻՐԵՆ: Ինչը նախագահական ընտրությունից ահավոր թանկ ու կարևոր է:

Ո՞չ… իր ընտրությունն է:

Ռոբերտ Քոչարյան: Անչափ յուրօրինակ հոգևոր նկարագիր ունի ՀՀ երկրորդ նախագահը ևս: Անչա~փ տարբեր ԼՏՊ-ից: Առաջին անգամ նրան տեսա խիստ հոգևոր պայմաններում` 1996-ին. Արցախի նախագահն էր: Գանձասարում: Վեհափառ Գարեգին Ա-ի կողքին: 100 տարի ի վեր առաջին անգամ հաղթանակած Արցախում էր Վեհափառ Հայրապետը, Արցախը շատ ոգևորված էր, երջանիկ. սկսել էր դանդաղորեն վերականգնվել, լույս դեռ չկար, ամբողջն ավերակներ էին, բայց հույսը շողշողոմ էր Արցախյան անդաստաններում:

Փոքրիկ տհաճ դեպք տեղի ունեցավ. Վեհափառին ուղեկցում էինք ընդամենը երկու լրագրող` ես և «Արմենպրեսի» Բորյան: Սարսանգի ջրամբար այցելելիս, երբ փորձ արեցի մոտենալ Ռոբերտ Քոչարյանին, նրա թիկնապահները հրեցին ինձ, գցեցին գետնին… ապշած էի. հետո բացատրեցին, որ Արցախում ռազմական դրություն է, նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտենալ չի կարելի:

Ինչու եմ այսքան «մանրանում», բացատրելու` Քոչարյանն անչափ պրագամատիկ, չոր անձ էր. առանձնապես` ոչ հոգևոր: Արցախում էլ հոգևոր արթնությունը դեռ այն վիճակում չէր, Արցախի նախագահը, ի տարբերություն Հայաստանի Մատենադարանի փոշիները կուլ տված աստարալիստի, պարտիական աշխատող էր «դեռ» (չնայած այրած կուստոմսին), աշխարհային, առաջին շերտով մտածող: Ընդ որում, եթե այդ որակները չլինեին, թերևս Արցախյան պատերազմում հաղթանակն էլ կարող է և այդքան սրընթաց չլիներ (ի դեպ. հատուկ այդ դրական որակները նա դրսևորեց նաև վերջին հարցազրույցում):

Կարճ կապենք, որովհետև իր դեպքում հոգևոր ասելիքը մեծ չէ. բոլորիս մոտ շատ թանձր նստվածք էր թողել Խաչից խուսափելու ու «Հայր-մերը» չիմանալու նախադեպը:

Բայց. վերջին հարցազրույցում մեր առջև էր ԱՆՁ, որը Արցախի կորստից հետո հսկա հոգևոր տրանսֆորմացիա էր ապրել, նրա դեմքից ցավը ծորում. լցվում էր դոշին, սառում այնտեղ…

Իսկ դա առանց Աստված չի լինում:

Շարունակելի

Կարմեն Դավթյան