Սակրավորները Ստեփանակերտում հայտնաբերել են ավելի քան 15 հազար զինամթերք. «ՌԻԱ Նովոստի»

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ավարտից մի քանի շաբաթ անց սակրավորները ավելի քան 15 հազար զինամթերք են հայտնաբերել Ստեփանակերտում և նրա շրջակայքում, «ՌԻԱ Նովոստին» ասել է ԼՂ-ի մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:

«Հայտնաբերվել է ավելի քան 15 հազար զինամթերք, և դա միայն Ստեփանակերտում և նրա արվարձաններում: Աշխատել են Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնը և Խաղաղապահ ուժերի ականազերծման կենտրոնը (ՌԴ): Նրանց հենց նոր միացել են ԱԻՆ-ի սակրավորները, այսօր առաջին օրն է։ Խաղաղապահների հետ աշխատում ենք արդեն վաղուց, հավանաբար՝ 10-12 օր»,- ասել է Մեսրոպյանը:

Նա նաև բացատրել է, թե ինչու է հանրապետության ղեկավարությունը հիմնական ուժերը նախ ուղարկում Ստեփանակերտ՝ չճանաչված ԼՂՀ-ի մայրաքաղաքի ականազերծման համար:

«Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ հիմնականում վերադառնում են Ստեփանակերտ: Այլ շրջաններում շատ ավերված տներ կան, իսկ Ստեփանակերտում մարդկանց տեղավորում են: Ուստի, բարձրագույն ղեկավարության հետ միասին մենք որոշեցինք, որ պետք է սկսել Ստեփանակերտից»,- ասել է Մեսրոպյանը: