Ռուսաստանը սկսել է հարվածային անօդաչուների դեմ պայքարի նոր զինատեսակի ստեղծման աշխատանքները. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանում սկսվել են գործողության երկար շառավիղով ռադիոտեղորոշիչ վերահսկման նորագույն համալիրի մշակման աշխատանքները, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրի իր աղբյուրին հղումով:

Խոսքը նոր անօդաչու սարքի մասին է՝ նախատեսված հակառակորդի հարվածային անօդաչուների ուղղությամբ զենիթային համալիրների նշանառության համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոյեմբերից մշակվում է գործողության երկար շառավիղով ռադիոտեղորոշիչ վերահսկման անօդաչու ուղղաթիռ, որը որոնելու-գտնելու է հակառակորդի՝ փոքր չափի, ցածր արագության և ոչ մեծ բարձրության վրա գտնվող անօդաչուները՝ ապահովելով հակաօդային պաշտպանության զենիթային հրթիռների նշանառումը դրանց ուղղությամբ:

Հատկանշական է, որ նոր նախագծի աշխատանքները մեկնարկել են վերջին լոկալ հակամարտությունների, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի փորձի վերլուծության հիման վրա:

Նշվում է, որ նոր համալիրը կստեղծվի նվազագույն ժամկետում:

Ռազմական վերջին հակամարտությունների փորձը ցույց է տվել բոլոր ուղղություններում՝ հետախուզությունից մինչև հարվածների հասցնում, անօդաչու ավիացիայի զգալի ավելացած դերակատարումը: