Ազգային անվտանգությա՞ն, թե թշնամու անվտանգության ծառայություն, ԱԱԾ, թե՞ ԹԱԾ…

Այս հարցը հենց այնպես չէ, որ առաջացել է, այսպիսի հարցադրման համար արդեն կան բավարար հիմքեր: Եթե ԱԱԾ-ում (սույն մարմինը պաշտոնապես այդպես է հանդես գալիս և այդպես է ներկայացվում) գլխի չեն ընկնում, թե ինչ նկատի ունենք ու բացատրության կարիք ունեն, սիրով կբացատրենք ու կմանրամասնենք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրերս հանդես եկավ մի պարզաբանմամբ, որը զավեշտական կանվանեինք, եթե ընդհանուր իրավիճակը չլիներ այս աստիճան տխուր, ավելին` ողբերգական:

Նախ նույնությամբ ներկայացնենք ԱԱԾ-ի 30.11.2020թ. պաշտոնական պարզաբանումը.

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից ստացվում են բազմաթիվ հարցումներ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է համարում պարզաբանել հետևյալը.

Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազություն:

Ավելին, ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ  յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետող անհատներին և կազմակերություններին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից:

Այս ամենով հանդերձ իրազեկում ենք նաև, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում կնախաձեռնվեն համապատասխան իրավական գործընթացներ»:

Նախ, ԱԱԾ-ի պարոնայք և ՏԻԿՆԱՅՔ, Իսագուլյանի կողմից նշված և այլ ասուլիսներում, հարցազրույցներում ոչ թե մտքեր են հնչեցվել, այլ հրապարակվել են մի շարք փաստեր կամ տեղեկություններ, հետևաբար դրանք միտումնավոր մի խառնեք մտքերի, դատողությունների հետ և այդպես մի ներկայացրեք հանրությանը: Ի վերջո, ԱԱԾ եք կոչվում…

Երկրորդ. շատ վատ է և, հավանաբար, ինքներդ էլ դա գիտակցում եք, որ հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ չկան (եթե, իհարկե, չկան…), բա ձեր բանուգործն ի՞նչ է… Ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումնե՞րը… Ազգային անվտանգության համար առաջնահերթորեն պատասխանատու պետական մի ողջ կառույց մեծապես ծառայեցնե՞լը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու նրա ընտանիքի անվտանգության ապահովմանը…  Երկրի սահմանադրական կարգը պաշտպանելու փոխարեն, այդ նույն կարգի, ՀՀ Սահմանադրության, օրենսդրության դեմ ոտնձգածներին ուղղակիորեն թե անուղղակիորեն պաշտպանե՞լը, կույր ու խուլ ձևանալով ու ձեր հանցավոր անգործությամբ` նրանց օրենքի առջև պատասխանատվության չկանչելով, պետական այդ բարձրաստիճան պաշտոնյաներին լռելյայն հովանավորե՞լը… Կոռուպցիոն բազմաթիվ խոշոր գործեր թողած, կուռուպցիոն նաև մանր-մունր գործերով զբաղվե՞լը, դրա վրա ժամանակ ու միջոցներ վատնե՞լը…

Չե՞ք զգում, որ 2018-ի իշխանազավթմամբ կամ հեղաշրջմամբ ԱԱԾ-ի արդեն իսկ սասանված հեղինակությունը Փաշինյանն անցած շուրջ երկուսուկես տարում շրիշակի մակարդակի է իջեցրել… Դե ձեն ու ծպտուն հանեք, եթե, իհարկե, ձեր մեջ մի քիչ սպայի պատիվ կա մնացած:

Երրորդ. ԱԱԾ-ի ղեկավար կազմում ընդհանրապես մնացե՞լ են տրամաբանելու ունակ պաշտոնյաներ. եթե ինքներդ եք խոստովանում կամ հայտարարում, որ «Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն», այսինքն` չգիտեք` Իսագուլյանի հրապարակած տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե ոչ, ապա ինչո՞ւ եք հենց Իսագուլյանի հրապարակած տեղեկությունների առնչությամբ ձեր պարզաբանման մեջ հորդորում ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետող անհատներին և կազմակերություններին «զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից»:

Այդ ո՞վ յուրովի պատկերացում ունի… Այդ ո՞վ է հանդես գալիս հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներով, ինչո՞ւ չեք որոշակիացրել, թե ում նկատի ունեք: Եթե էժանագին հնարքի դիմելով, փորձում եք դրանով հանրության շրջանում բացասաբար ներկայացնել ու հեղինակազրկել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահին, վստահեցնում եմ` չի՛ ստացվելու:

Չորրորդ. ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի, կարելի է ենթադրել, որ նկատի ունեք սխալ պատկերացումների մասին եք նշել, իսկ դուք ինքներդ ձեր գործառույթների վերաբերյալ պատկերացում ունե՞ք, թե հիշեցնենք…

Հինգերորդ. հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող հրապարակումների անթույլատրելիության մասին եք նշել: Լավ եք արել, ճիշտ նույն կարծիքին էլ տողերիս հեղինակն է: Բայց ո՞ւր էիք այսքան ժամանակ… Ինչպես ժողովուրդն է ասում նման դեպքերում, էշի ականջում քնա՞ծ էիք…. Չէի՞ք տեսնում, թե ինչ են անում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմի բազմաթիվ անդամներ, չէի՞ք տեսնում, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, ինչպես նաև մի շարք ԶԼՄ-ների կողմից… Շատ բան կա փաստագրված և այդ ամենը, ուշ թե շուտ, ձեր դիմաց դրվելու է, ներկայիս իշխանությունը հավերժական չէ, ու գալու է պատասխանատվության պահը:

Վեցերորդ. Ձեր պարզաբանման մեջ նշել եք նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումների անթույլատրելիության մասին: Ո՞ր կառույցի… Եթե ԱԱԾ-ին նկատի ունեք, ապա ինչպե՞ս եք պատկերացնում գրեթե անհնարինը` խաթարել մի բան, որը շատուշատ մարդկանց համար արդեն գոյություն չունի:

Յոթերորդ. Ձեր պարզաբանման վերջում էլ դեռ սպառնացել եք, ժողովրդի լեզվով ասած, «հաթաթա տվել»: Լավ եք արել, եթե խոսքը զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու մասին է, բայց ձեր ցանկացած նման ցանկության դեպքում նախապես պետք է մտածեք այդ լուրերի զրպարտչական բնույթն ապացուցելու ձեր պարտականության մասին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան