Ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ծայրահեղ միջոց էր. Լեոնիդ Կալաշնիկով

Ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի  ծայրահեղ միջոց դարձավ այն պատճառով, որ կողմերը չէին կարողանում պայմանավորվել մարտերը դադարեցնելու շուրջ: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Կարծում եմ, իհարկե, ոչ ոք չի ուզում ռիսկի ենթարկել  իր ժողովրդին, իր քաղաքացիներին: Այս պարագայում մենք դրան գնացինք բացահայտ անհրաժեշտությունից ելնելով, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում  պայմանավորվել»,-ասել է պատգամավորը:

Կալաշնիկովը ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմը ներդրվում է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությամբ:

«Քանի որ հակառակ դեպքում մենք երկու կողմից էլ որոշակի սադրանքներ կտեսնեինք: Հիմա որոշվելու է (սահմանազատման) այդ գիծը, քիչ թե շատ ինչ-որ հարաբերություններ կկառուցվեն զինադադարի վրա, այն հիմքով, թե  ինչպես դա վերահսկել: Բայց դա ավելի լավ է, քան մարդկանց մահը»,- շեշտել է խորհրդարանականը: