Անդառնալի կորուստները կանխելու համար պահանջում ենք Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը. ՀՀ քաղաքական ուժերի հայտարարությունը

17 քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված հայկական երկու պետությունների թուրքադրբեջանական ագրեսիային դիմակայելու հետ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝

«Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան:

Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք   մնացել են անպատասխան և չիրագործված:

Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:

Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը:

Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաև տարածքային լրջագույն կորուստների առջև: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական և բարոյական հիմքերից:

Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝

ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:

Սիրելի հայրենակիցներ,

օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով և այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում:

1          «Ազատություն» կուսակցություն

2          «Ազգային անվտանգություն» կուսակցություն

3          «Ազգային օրակարգ» կուսակցություն

4           «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

5          «Ազգային համաձայնություն» կուսակցություն

6          «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն

7          «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

8          «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

9          «Երկիր Ծիրանի» կուսակցություն

10        «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

11        «Համերաշխություն» կուսակցություն

12        «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն

13        «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն

14        «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն

15        «Հայրենիք» կուսակցություն

16        «Մեկ Հայաստան» կուսակցություն

17        «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն

09.10.2020 թ.

Հ.Գ. Հայտարարությունը բաց է միանալու համար»: