Խորհրդարանի երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը առավել քան իրավասու են ունենալ ցանկություն տիրապետել ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության հետ․ Իվետա Տոնոյան

Հոկտեմբերի 27-ի գրությունից, որով «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետին անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, անցել է երկու շաբաթ, բայց մեր հարցերն այդպես էլ պատասխան չեն ստացել, դրանց նաև բազմաթիվ այլ հարցեր են գումարվել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երկրորդ անգամ ընդդիմադիր խմբակցությունների կողմից վարչապետին ուղղված դիմումին՝ կազմակերպել անվտանգության խորհդի նիստ իրենց մասնակցությամբ:

«Այսօր առավել քան անհրաժեշտ ենք համարում նման հանդիպման անցկացումը: Այս պահի դրությամբ վարչապետից որևէ արձագանք չունենք»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն, ի՞նչ հարցերի պատասխան են ցանկանում լսել, պատգամավորը հավելեց. «Ես առավել քան վստահ եմ, որ որևէ մեկի համար կասկած չէ, որ 100 տոկոսանոց տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները՝ վարչապետը, անվտանգության խորհրդի անդամները: Կարծում եմ՝ խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը առավել քան իրավասու են ունենալ ցանկություն տիրապետել ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության հետ: Մեր առաջարկ-պահանջը սրանով է պայմանավորված եղել»:

Անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը և սպասվող հայտարարությանը, Տոնոյանը նշեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները, քննարկումները պարբերական են: Նա ընդգծեց, որ այս պահին քննարկումները դեռ ընթացքի մեջ են:

Հարցին էլ՝ իշխող ուժը ռազմական դրության կանոնների խախտումները քրեականացնող օրինագիծ է բերել, ի՞նչ կարծիք ունի ԲՀԿ-ն նախագծի վերաբերյալ, Տոնոյանը նշեց, որ իրենք դեռ նախագիծը չեն ստացել և չեն քննարկել, կարող է ներկայացնել միայն իր կարծիքը: «Ինձ համար բացարձակ անընդունելի է խոսքի ազատության ցանկացած սահմանափակում, կարծում եմ, որ թե՛ լրատվամիջոցները, թե՛ քաղաքացիները ունեն բավական չափով պետականամետ գիտակցություն, որ ռազմական դրության պայմաններում հանդես չգան այնպիսի գործողություններով կամ գործիքակազմով, որը կարող է վնասել պետությանը: Սա իմ անձնական դիրքորոշումն է, մենք խմբակցությունում օրինագծի հետ կապված հարց դեռ չենք քննարկել»,- հավելեց պատգամավորը: