ՀՀ-ում մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները. ՏԿԵՆ

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ կենսական նշանակության ճանապարհներ են վերանորոգվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։ Վերականգնվող ճանապարհներն են՝ Շիրակ-Կամո (5 կմ), Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.3 կմ), Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.9 կմ), Մ2-Նորավան (5.3 կմ), Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ), Մ4-Սևան-Աղթամար համալիր- Մ4 (5.3 կմ), Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (14.5 կմ), Լուկաշին-Հ17 (3.2 կմ), Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ), Խոտ (2 կմ):

2020 թվականի ընթացքում հիմնականում կկատարվեն հողային աշխատանքներ‚ ճանապարհների վերականգնումը կավարտվի 2021 թվականին։ Իրականացվելիք աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովում և այլն։ Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։

Նշենք‚ որ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից՝ 2009 թվականից ի վեր ՀՀ մարզերում վերականգնվել է ավելի քան 835 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: