«Կարելի է հանել զրահաբաճկոնն ու մի փոքր շնչել». Սեմյոն Պեգովը Շուշիի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքից նոր տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ ներկայացրել է քաղաքում տիրող իրավիճակն ու ծավալվող ռազմական գործողությունները։

Պեգովի խոսքով՝ Շուշիում ամբողջ գիշեր իրավիճակը լարված է եղել, քաղաքը գտնվել է հակառակորդի հարվածների տակ, սակայն այժմ հարաբերական անդորր է և «կարելի է հանել զրահաբաճկոնն ու մի փոքր շնչել»։

Անդրադառնալով ռազմաճակատի ընդհանուր իրավիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ իսկապես լարվածությունը պահպանվել է ամբողջ գիշեր։

«Մենք հաշվեցինք տարբեր տրամաչափի զենքերից շուրջ 7-8 տասնյակ պայթյուն։ Վաղ առավոտյան հարձակման փորձեր են եղել հյուսիսում, այժմ ևս մարտեր են ընթանում տարբեր օջախներում։ Այժմ ընթանում են Շուշին շրջապատող անտառների մաքրման աշխատանքները, քանի որ դրանց տարբեր հատվածներում դիվերսիոն խմբերը շարունակում են իրենց գործողությունները»,- նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ նախորդ օրվանից այդ խմբերի քանակությունը զգալի նվազել է։

Նրա խոսքով՝ երեկ և այսօր հյուսիսային հատվածներում դիվերսիայի փորձեր են եղել, սակայն խմբերը մեծ չէին և գործում էին առանց հրետանու աջակցության։

Պեգովը իր հերթին հավելել է, որ քաղաքում խուճապ չկա և ամեն ինչ ընթանում է ըստ Արցախի պաշտպանության բանակի ծրագրերի։

Մանրամասները՝ տեսանյութում