Թշնամուն հաղթելու ենք զենքով, ժպիտով և հավատքով (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանը։
Անդրադառնալով Արցախյան ռազմաճակատում մեր զինվորների տրամադրություններին և հերոսական դրվագներին՝ ազատամարտիկը շեշտեց, որ առաջնագծում ոգին բարձր է, տրամադրությունը՝ հաղթական, անգամ պատերազմի թեժ պահին մեր զինվորներն իրենց լավատեսությունն ու հային բնորոշ հումորը չեն կորցնում։
«Այս պատերազմը 90-ականների պատերազմը չէ, սա տեխնոլոգիական պատերազմ է»,-նկատեց մեր զրուցակիցը։
Շահե Աճեմյանը վերհիշելով իր անցած մարտական ուղին՝ ցավով հիշեց, որ ժամանակին ազերի գերիների հետ հաց է կիսել, իսկ այսօր այդ նույն թուրք-ադրբեջանական ուժերը բարբարոսների նման են վարվում հայ ռազմագերիների հետ։ «Անգամ ծանր պատերազմի պայմաններում հայը մարդկությունը չի կորցնում, ինչ արած, մեր գեների մեջ չկա բարբարոսությունը»,-հավելեց ազատամարտիկը։
Շահե Աճեմյանն ընդգծեց, որ սա պիտի լինի վերջին պատերազմը, որ մղում ենք դարավոր թշնամու դեմ, այս պատերազմը պիտի տանենք մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ, իսկ զինադադարի մասին դեռ վաղ է խոսել՝ մենք կիսատ թողած գործեր ունենք, պիտի համախմբվենք և միասնական ուժերով թշնամուն պարտադրենք զինադադար, ինչպես արեցինք 90-ականներին։
«Հաղթելու ենք, ուրիշ ճար չունենք»,-ամփոփեց ազատամարտիկը։
Մանրամասները՝ տեսանյութում