2021-ի պետբյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 մլրդ 825 մլն դրամ՝ 21 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ. Արկադի Խաչատրյան
2021-ի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների և այլնի համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նոր իրողությունների պայմաններում Կառավարությունը մտադիր է վերանայել դա, թե պահպանվելու է թիվը:
«Մենք, ըստ էության, սա որպես միջանկյալ լուծում ենք ներկայացրել այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի ճիշտ լուծումը, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»,-ասաց Ջանջուղազյանը՝ նշելով, որ փոփոխությունը՝ դրական, թե բացասական, ընդամենը պայմանավորված է դրա տակ ընկած գործոնների փոփոխությամբ:
Խաչատրյանի հարցին՝ փաստորեն պարգևավճարների մասով փոփոխություն չե՞նք կարող ակնկալել, և նշված թիվը չի՞ փոփոխվելու, ֆինանսների նախարարը պատասխանեց․ «Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա, և առայժմ որևէ քննարկում որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին, կարծում եմ, ժամանակավրեպ է»։