Ղարաբաղի դեմ գրոհը խափանվել է. Արցախում գտնվող լեհ փորձագետ

Ադրբեջանական զորքերի արագ զարգացող հարձակումն ավարտվել է: Այժմ կարելի է զգալի փոփոխություններ ակնկալել ռազմական գործողությունների դինամիկայում: Նման կարծիք է հայտնել իր իսկ պնդմամբ Արցախում գտնվող լեհ փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը, գրում է Военное Обօзрение-ն:

Փորձագետի խոսքերով` «Ղարաբաղի դեմ գրոհը խափանվել է»:

«Պատերազմի հինգերորդ շաբաթում Ադրբեջանը լուրջ հաջողությունների չի հասել, մասնավորապես չի կարողացել սպառնալիք ստեղծել Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն և չի կարողացել վերցնել ոչ մի խոշոր քաղաք»,-ասել է Ռեպետովիչը:

Ավելին, Շուշի քաղաքը գրավելու փորձը, որը պետք է նախորդեր Ստեփանակերտի գրավմանը, «Ադրբեջանի համար անհաջող ավարտ ունեցավ»: Այս բնակավայրը ռազմավարական մեծ նշանակություն ունի:

Փորձագետը նշում է, որ Շուշիի կարևորությունը հիմնականում կապված է Ստեփանակերտին նայող բարձր և զառիթափ բլրի վրա գտնվելու փաստի հետ: Նրա խոսքով`1990-ականների սկզբին ադրբեջանցիները Շուշիում գտնվող տաճարից կրակ էին բացում Ղարաբաղի մայրաքաղաքի վրա, քանի որ կարծում էին, որ հայերը չեն կրակի իրենց ամենակարևոր տաճարներից մեկի ուղղությամբ:

Այդ իսկ պատճառով, զարմանալի չէր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը այն մասին, որ ադրբեջանցիները գտնվում են Շուշիից 5 կմ հեռավորության վրա, մեծ անհանգստության պատճառ էր դարձել: Մի քանի ժամ անց հայտնվեցին լրացուցիչ տեղեկություններ, որոնք որոշակի հանգստություն բերեցին: Պարզվեց, որ ոչ թե թշնամու ամբողջ ճակատը, այլ դրա մի մասն էր տեղափոխվել  Շուշիից 6 կմ հեռավորության վրա: Արդյունքում այստեղ ծրագրված հարձակումը խորտակվեց: