Իրանը մշակել է ղարաբաղյան հակամարտության մշտական կարգավորման ծրագիր. Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։

Նիստի ընթացքում Զարիֆը հայտարարել է, որ Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Խոդաֆերինի ջրամբար, ինչից հետո մեկնելու է Բաքու, Մոսկվա և Երևան։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման համար ծրագիր է մշակել, որը հաստատելու նպատակով այսօր և վաղը կներկայացվի երկրի իշխանություններին, և հետո դրան կհետևենք նաև Մոսկվայում և Երևանում։

Զարիֆն ավելացրել է, որ իրենց անհանգստացնում է տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը, ինչը Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում: