Ալիևը նշել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման պայմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնության գալ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի շուրջ: Այս մասին հայտնում է  Ռիա Նովոստին։

«Այո, մենք պատրաստ ենք: Ես դա բազմիցս ասել եմ: Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ կրակի դադարեցման շուրջ: Բայց միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ իրենք հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին», – ասել է Ալիևը Fox News- ին տված հարցազրույցում:

Ալիևն ընդգծել է, որ Բաքուն ցանկանում է անցնել բանակցությունների, սակայն հայկական կողմը ազդարարում է հակամարտության դիվանագիտական ​​լուծման անհնարինությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել կողմերին դադարեցնել բախումները և բանակցություններ սկսել առանց նախապայմանների: