Ալիևը հայտարարել է, թե ինքը Պուտինից Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից հրավեր չի ստացել այցելել Մոսկվա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ոչ», – ասել է պետության ղեկավարը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով թղթակցի համապատասխան հարցին:

Խոսելով Մոսկվա մեկնելու իր պատրաստակամության մասին, եթե նման հրավեր հաջորդի, Ալիեւը նշել է, որ ինքը Պուտինի հրավերով բազմիցս այցելել է Մոսկվա: «Երբեմն ես տարեկան կատարում էի մի քանի այցելություն: Այսպիսով, գործընկեր երկրների և հարևանների միջև այդ բարձր մակարդակի շփումները սովորական բան են», – ասաց նա:

Ալիևը չբացառեց Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հույս չունի ՀՀ ներկայիս կառավարության հետ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։

«Այս հանդիպումը հնարավոր է, քանի որ նախկինում էլ են եղել նման հանդիպումներ: Եթե այդպիսի հանդիպում լինի, դա կախված կլինի օրակարգի բովանդակությունից», – ասել է պետության ղեկավարը: