Ռուսական հրթիռները կուղղվե՞ն Ադրբեջանում գտնվող միջազգային ահաբեկիչների վրա

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ՕՏՈւ) նախապատրաստում են հարձակում  Արցախ մեկնելու համար ահաբեկիչների ուսումնական ճամբարների վրա: Ինչպես այսօր տեղեկացրել է «Rusvesna.su»-ն, թիրախները բացահայտված են, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սավառնում են Ղարաբաղում պատերազմի համար ահաբեկիչների պատրաստման ճամբարների վրայով: Խոսքն առայժմ Սիրիայում գտնվող ճամբարների մասին է:

Ըստ ռուսական լրատվամիջոցի հրապարակման, Սիրիայում ավիացիոն և հետախուզական ծառայությունները շարունակում են տքնաջան աշխատանք կատարել ՝ Իդլիբի դեէսկալացիոն գոտում Լեռնային Ղարաբաղի համար ահաբեկիչների ուսումնական ճամբարները նույնականացնելու, հայտնաբերելու նպատակով, անօդաչու թռչող սարքերը երկար ժամանակ կախված են երկնքում ՝ դիտարկելով բանդիտական կազմավորումների ակտիվությանը:

Այդ կապակցությամբ «Rusvesna.su»-ին մանրամասներ է պատմել ռազմական աղբյուրը: «Rusvesna.su»-ն հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ Սիրիայի հետախուզական մարմինները սկսել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նոր արշավ, որի շրջանակներում թուրքամետ ապօրինի զինված խմբավորումների անդամները փողի դիմաց հանձնել են «Խայաթ Թախրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման իրենց հանցակիցների օբյեկտների կոորդինատները:

Ինչպես ավելի վաղ հայտնել է «Rusvesna.su»-ն, «Ներկայումս անօդաչու ինքնաթիռներն ու գործակալական հետախուզությունը ստացված կոորդինատներում գտնվող ու գաղտնազերծված ահաբեկչական օբյեկտների լրացուցիչ հետախուզություն են իրականացնում:

Իդլիբ նահանգից ստացված տվյալների մեջ տեղեկություններ կային այն ճամբարների մասին, որտեղ զինյալները պատրաստվում են Լեռնային Ղարաբաղում պատերազմի համար, որը թուրքերը սանձազերծել են ադրբեջանական զինուժի և ահաբեկչական խմբավորումների վարձկանների ձեռքով:

Ներկայումս ստացված տեղեկատվությունը հիմնականում հաստատվում է. նշված կոորդինատներում հայտնաբերվել են հրամանատարական կետեր, զինյալների ուսումնական ճամբարներ, զենքի պահեստներ, վառելիքի և քսանյութերի պահեստարաններ և անօրինական զինված խմբավորումների այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, որտեղ արձանագրվել է բանդիտական կազմավորումների ակտիվություն»:

Եթե ռազմական աղբյուրը «Rusvesna.su»-ին հայտնել, վերջինս էլ հրապարակել է վերոնշյալ տեղեկությունները, ապա հնարավոր է, որ Ռուսաստանի ՕՏՈւ-ն արդեն հարվածներ հասցրել կամ շատ մոտ ժամանակներում հասցնելու է Սիրիայում ահաբեկիչների նշված օբյեկտներին` կանխելով առաջիկայում ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան ու մասնակցությունը ներկայումս ընթացող հայ-ադրբեջանական պատերազմում:

Կարծում ենք, պատահական չէ, որ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը երեկ կոչ է արել կանխել Ղարաբաղ ահաբեկիչների ներթափանցման փորձերը: ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում նա հայտարարել է, որ անհրաժեշտ է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների ներթափանցման փորձերը։

«Հիմա առաջնահերթ խնդիրն է մարդկանց պաշտպանելն ու նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքի ապահովումը, այդ թվում՝ հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների, զենքի աօրինի շրջանառությամբ հարստացող և ահաբեկչական հարձակումները ֆինանսավորող անձանց ներթափանցման ցանկացած փորձ կանխելու ճանապարհով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ գլխավոր դատախազը։

Կարծում ենք, Ռուսաստանի գլխավոր դատախազն այսպիսի նուրբ ու զգայուն հարցում չէր կարող ու չի արտահայտել իր անձնական դիրքորոշումը, նա Ռուսաստանի դիրքորոշումն է արտահայտել հակամարտության գոտի ահաբեկիչների ներթափանցման ցանկացած փորձ կանխելու անհրաժեշտության վերաբերյալ: Լինի այն պարոն Կրասնովի անձնական դիրքորոշումը, թե Ռուսաստանի դիրքորոշումը` արժանի է միայն դրվատանքի ու շնորհակալության:

Այնուհանդերձ, մեզ չեն կարող չանհանգստացնել այն մի քանի հազար ահաբեկիչները (նախնական տեղեկությունների համաձայն, նրանց թիվը գերազանցում է 4000-ը և շարունակում է աճել), որոնց Թուրքիան հիշյալ պատերազմին մասնակցելու նպատակով վարձել, հավաքագրել ու հասցրել է Ադրբեջան: Մի մասին էլ չի վարձել, պարզապես լուծել է նրանց` ջիհադին (սրբազան պատերազմին) մասնակցելու ցանկություն ունեցողների տեղափոխման հարցը:

Խոսելով հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների, զենքի աօրինի շրջանառությամբ հարստացող և ահաբեկչական հարձակումները ֆինանսավորող անձանց ներթափանցման ցանկացած փորձ կանխելու անհրաժեշտության մասին, ՌԴ գլխավոր դատախազն արդյոք նկատի ունի՞  նրանց ոչ միայն Սիրիայի, այլև Ադրբեջանի և Արցախի Հանրապետության տարածքում (եթե մեծ թվով այնտեղ ներթափանցեն) հարվածելը, այս պահին դժվար է ասել:

Հուսանք, որ Կրասնովը նկատի ունի նաև ահաբեկիչների հենակետերին, ճամբարներին, գտնվելու այլ վայրերին, ռազմական տեխնիկային նաև Ադրբեջանի տարածքում հարվածելը, քանի որ այնտեղ գտնվող թիրախներին ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռներից կամ Կասպից ծովում լողացող ռազմանավերից հրթիռային հարվածը չի կարող համարվել հարձակում ինքնիշխան պետության` Ադրբեջանի վրա: Այն կլինի հարձակում միջազգային ահաբեկիչների վրա, քաղաքացիների պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով միջազգային ահաբեկչության կանխում: Այն միանգամայն հասկանալի կլինի «միջազգային հանրություն» կոչվածին և չի կարող նրա բողոքին ու հակազդմանը տեղիք տալ:

Վերոնշյալի առումով կարևոր է նաև այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրել է Սիրիայից զինյալների հայտնվելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Պատասխանելով տրված հարցին ու նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխումը, Զասն ասել է. «Ըստ ամենայնի, այն կա, այնտեղ զինյալներ, վարձկաններ են հայտնվում: Իհարկե, դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը: Դա որոշակի մարտահրավեր է ներկայացնում կազմակերպության համար»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ առկա են ապացույցներ այն մասին, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարտնչում են սիրիացի իսլամիստները։ Մակրոնի հավաստմամբ, այս գործոնը լրջագույն ազդեցություն ունին իրավիճակի վրա և քննարկվելու է նաև Եվրամիությունում բանակցությունների ժամանակ։ ԼՂՀ օտարերկրյա վարձկանների տեղափոխման մասին հայտարարել է նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նույնպես հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի:

Արթուր Հովհաննիսյան