«Սիրիացի վարձկանները դարձել են Էրդողանի արտաքին քաղաքական հավակնությունների անքակտելի մասը»․ Deutsche Welle-ը՝ Ադրբեջանում կռվող վարձկանների մասին

Ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանները դարձել են այդ երկրի արտաքին քաղաքական հավակնությունների անքակտելի մասը. ԼՂ հակամարտությունում Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին գրում է գերմանական Deutsche Welle թերթը։

Ինչպես ընդգծում է թերթը, «Կովկասում անցած շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև բորբոքվել է սառը հակամարտությունը, երբ Ադրբեջանը ռազմական արշավ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ այդ տարածքը վերադարձնելու նպատակով»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկաններին՝ Deutsche Welle-ն ընդգծում է, որ նրանք ծառայում են Թուրքիայի շահերին, քանի որ օգնում են Էրդողանի արտաքին քաղաքական նպատակներն ամրապնդել առանց ազգային ակտիվների, օրինակ՝ Թուրքիայի զինված ուժերի մոբիլիզացման։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական ուժով ապահովելու հարցում սիրիացի վարձկաններն արդյունավետ միջոց են, որոնց նա հետագայում կարող է դեն նետել, երբ սպառեն իրենց արդյունավետությունը։ Ապագայում այդ վարձկանները Թուրքիային թույլ կտան շարունակել իր աշխարհառազմավարական դիրքավորումը՝ առանց ներքին հարվածի ենթարկվելու»,- թերթը մեջբերում է Լիբիայում աշխարհազորայինների հավաքագրման և ձևավորման հարցով Վաշինգտոնից անկախ հետազոտող Նոա Էյջիլիի խոսքերը։

Ինչպես նկատում է գերմանական թերթը, առաջին անգամ չէ, որ Թուրքիան մեղադրվում է իր նկրտումները բավարարելու համար սիրիացի վարձկաններին հեռավոր երկրներ ուղարկելու համար։ Իսկ վարձկանները մարտնչում են ոչ թե գաղափարական կամ քաղաքական, այլ ֆինանսական դրդապատճառներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։