Թուրքիան սպառնացել է ընթացող պատերազմին իր արդեն անմիջական մասնակցությամբ

Ռուսաստանի կոշտ միջամտության ժամանակը մոտենում է, եթե Թուրքիան բախտը փորձի, դադարելու է որպես պետություն գոյություն ունենալ:

Անցած տարիների և ամիսների ընթացքում Թուրքիան լիուլի զինել է Ադրբեջանին, այդ առումով փաստերի պակաս չկա: Միայն պատերազմին նախորդած վերջին օրերին Թուրքիայի ռազմատրանսպորտային բազմաթիվ ինքնաթիռներ են վայրէջք կատարել Ադրբեջանում, և միանգամայն տրամաբանական է ենթադրել, որ դատարկ չեն եկել, բերել են զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա:

Միայն պատերազմին նախորդած վերջին 2-3 օրերի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հաճախակի թռիչքներ են իրականացրել երկու երկրների միջև, բացի այդ, հայ-թուրքական սահմանի մոտ արձանագրվել է Թուրքիայի` «Ավաքս» համակարգով օժտված հետախուզական ինքնաթիռի թռիչք: Մասնագետները գիտեն, թե այն ինչ ինքնաթիռ է, ինչ հնարավորություններով օժտված: Ավելին. վերջին շրջանում նույնպես ինքնաթիռներով զենք, ռազմական տեխնիկա Ադրբեջան է հասցվել նաև Իսրայելից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսում ճիշտ ասաց, որ Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, կռվում է նաև Թուրքիան: Այո, կռվում է առայժմ պաշտոնապես չհայտարարված կերպով` Սիրիայում վարձած և Ադրբեջան տեղափոխված «Իսլամական պետության» և այլ ահաբեկիչների միջոցով (որոշ տեղեկությունների համաձայն, նրանց թիվը հասնում է շուրջ 4000-ի), իր ռազմական խորհրդատուներով, զորավարժությունների պատրվակով Ադրբեջան փոխադրած և այնտեղ թողած իր F-16 կործանիչները գործի դնելով…

Արցախի նախագահը նույն ասուլիսում ասաց, որ տեղեկություններ ունեն F-16 կործանիչների օդ բարձրանալու մասին, և հավելեց, որ ճշտվում է ռազմական գործողություններին դրանց մասնակցության հարցը: Մինչ այս պահը, որքան տեղյակ ենք, վերոնշյալ հարցի պատասխանը դեռ չի տրվել:

Դատելով ամենից, հիշյալ կործանիչները մասնակցել են ու գուցե հենց այս պահին էլ մասնակցում են ռազմական գործողություններին, ինչի համար, սակայն, բնավ պարտադիր չէ, որ դրանք հատած լինեն Արցախի սահմանը: Ռադարի արձակած ալիքների ուղղությամբ թռչող, ռադարը ու, դրա հետ մեկտեղ, հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացնող, իսրայելական կամ ամերիկյան արտադրության հատուկ հրթիռները հենց այդ նպատակով մասնագիտացած (տես` https://livenews.am/press/2020/58167/28/23/00/) Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հեշտությամբ կարող էին արձակել նաև Ադրբեջանի տարածքից, ինչպես, Իսրայելի նույն կործանիչներն էին Լիբանանի օդային տարածքից նույն հրթիռներով հարվածում Սիրիայում գտնվող ՀՕՊ համակարգերին:

Թերևս հենց վերը նշված կերպով են ոչնչացվել Արցախում գտնվող հակաօդային պաշտպանության ՕՍԱ համակարգերից մի քանիսը, եթե, իհարկե, դրանց ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Այս դեպքում, երբ Ադրբեջանի տարածքից, երկնքից մի փոքրիկ հրթիռ է գալիս ու խոցում Արցախում գտնվող թիրախները, շատ դժվար կամ նույնիսկ անհնար է ապացուցել, որ F-16 կործանիչները գործի են դրվել ու դրանք արձակվել են հենց այդ ինքնաթիռներից:

Այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիան սպառնացել է ընթացող պատերազմին իր արդեն անմիջական մասնակցությամբ` հայտարարելով, որ թուրքական բանակը պատրաստ է պայքարել Ադրբեջանի համար՝ Հայաստանի հետ հակամարտությունում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մասնավորապես ասել է, որ Լեռնային Ղարարաբաղը պետք է ամբողջությամբ անցնի Բաքվի վերահսկողության տակ, և հայտարարել, որ Անկարան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ «ռազմի դաշտում»:

Չավուշօղլուի խոսքերով, Հայաստանն Ադրբեջանի տարածքից պետք է անհապաղ դուրս բերի իր բոլոր բանակային ստորաբաժանումները: «Անատոլու» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի արտգործնախարարն այս հայտարարությունն արել է Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի հետ բանակցությունների արդյունքներից հետո:

«Այս խնդիրը միայն մեկ լուծում ունի,- ասել է Չավուշօղլուն:- Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի տարածքից: Եթե ​​դա չլինի, խնդիրը չի լուծվի: Մենք պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»:

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, որը հրահրել էր Հայաստանը ավելի քան 30 տարի առաջ, պետք է դադարեցվի, և Ադրբեջանը, ռազմական գործողություն իրականացնելով տարածաշրջանում, փորձում է «ազատագրել իր գրավյալ հողերը»: Իր այս հայտարարությամբ Էրդողանը խոստովանել է սեպտեմբերի 27-ին Արցախի վրա Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը:

Դատելով գնալով թեժացող պատերազմական գործողություններից, Ադրբեջանի կողմից տարբեր, այդ թվում նաև ազդեցիկ երկրների և միջազգային կազմակերպությունների` պատերազմն անհապաղ դադարեցնելու կոչերը համառորեն անտեսելու փաստից, ինչը, անշուշտ, Թուրքիայի պահանջով, խորհրդով կամ նրա հետ համաձայնեցված կերպով է արվում, ռազմական գործողություններն արդեն նաև Հայաստանի տարածքում ծավալելու իրողությունից, մասնավորապես, Վարդենիս քաղաքին և մեր սահմանապահ դիրքերին այսօր առավոտյան հասցված հարվածներից, Վարդենիսի գյուղերի հրետակոծությունից, այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ հայտարարությունից, որ դրանց հուժկու պատասխան է տրվելու, և այն զգուշացումից, որ «հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ», ինչպես նաև դրանց միանգամայն կանխատեսելի հետևանքներից, շատ հնարավոր է, որ Թուրքիան իր արտգործնախարարի սպառնալիքը վերածի իրականության:

Վերոնշյալ հետևությանը կարելի է հանգել նաև ճիշտ հասկանալով սեպտեմբերի 27-ին Արցախի վրա կատարված հարձակմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի իմաստը, նպատակը…

Արթուր Հովհաննիսյան