Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան նշել է, որ ԼՂ շփման գծում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում առանց այդ էլ թեժ կրակի վրա: Այս մասին պատգամավորն ասել է «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:

«Էրդողանը ցանկանում է պահպանել իր «ուժային» իմիջը, սակայն նա չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ որևէ մեկին, այդ թվում` Թուրքիային: Մի՞թե Էրդողանին քիչ է Սիրիայի փախստականների հոսքը, որի առաջացման մեղավորը շատ դեպքերում հենց նա է»,- ասել է Պանինան:

Պանինայի կարծիքով` նման հայտարարությունները մեծ վտանգ են ներկայացնում: Պատգամավորն ընդգծել է, որ արյունահեղությունը կանխելու փորձերի փոխարեն, նման հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա` կողմերին դրդելով չմտածված գործողությունների:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ պետք է այժմ մեկընդմիշտ լուծել ԼՂ հիմնախնդիրը` հօգուտ Ադրբեջանի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին հորդորել էր իրեն խորհուրդներ չտալ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: