Պուտինը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ սեպտեմբերի 24-ին:

Ռուս գրող Սերգեյ Կոմկովը հաղորդել է, որ սեպտեմբերի 10-ին ինքը հայտ է ներկայացրել 2021 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի Պուտինի թեկնածության առաջադրման համար:

«Իմ դիմումը Նոբելյան կոմիտե ներկայացնելուց հետո գործընթացն արդեն սկսվել է: Եվ ոչ ոք չի կարող այն կանգնեցնել», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Կոմկովը առաջադրել է Պուտինին մրցանակի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում 27 երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Աստծո մասին Ռուսաստանի Սահմանադրության մեջ հստակեցում կատարելու համար:

«Մենք ստիպված կլինենք ապահովել մարդկանց այդպիսի ակտիվ և զանգվածային շարժը ամբողջ աշխարհում` ի պաշտպանություն մեր նախագահի, որպեսզի Նոբելյան կոմիտեի անդամները այլ տարբերակ չունենան, քան այս մրցանակը շնորհեն մեր նախագահ Վլադիմիր Պուտինին», – նշել է գրողը: