Այս պահին օրենքի բացակայությունը մեծ կամայականությունների տեղ է թողնում. Աննա Կոստանյանը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի մասին

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում  ԱԺ-ն քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին»  և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթը: Այն հեղինակել են Աննա Կոստանյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը և Արման Եղոյանը:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտը, բարձրացնել ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ոլորտին պետական աջակցության թափանցիկությունը, ֆիլմարտադրության, կինովարձույթի, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության ու այլ խնդիրները:

«Այս պահին օրենքի բացակայությունը մեծ կամայականությունների տեղ է թողնում, թե ինչպես և ինչ հիմնական սկզբունքներով է ձևավորվում և գործում ազգային մարմինը, որևէ կերպ կանոնակարգված չէ: Այս նախագծով այդ մեխանիզմը ստեղծվում է»,-նշել  Աննա Կոստանյանը:

«Այս օրենքի հնարավոր ընդունումից հետո առաջարկ եմ անելու, որ այս պահին Հայաստանում գոյություն ունեցող երեք կինոկառույցները՝ Ազգային կինոկենտրոնը, «Հայք» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայֆիլմ» կինոստուդիան Կառավարության որոշմամբ միավորվեն, լինի այն ազգային մարմինը, որի մասին խոսում ենք տվյալ օրենսդրական կարգավորման մեջ: Եվ այդ երեք կառույցների պետական ֆինանսական միջոցների համատեղումից հնարավորություն կունենանք ֆիլմարտադրությունը զարգացնելու»,-այս մասին այսօր  «Կինեմատոգրաֆիայի մասին»  օրենքի քննարկման ժամանակ ասաց Աննա Կոստանյանը:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե Կինեմատոգրաֆիայի մասին ներկայացված օրենքը կարո՞ղ է արդյոք օգնել ներգրավել մեծ ներդրումներ այդ ոլորտում:

Կոստանյանը պատասխանեց՝ այս օրենքով փորձում են համակարգել, օրենքների այնպիսի կարգավորման հասնել, որ նաև օտարերկրյա կազմակերպությունները, որ Հայաստան պետք է գան ֆիլմարտադրության նպատակով, կարողանան հստակ մեկ աղբյուրից իմանալ, թե պետությունն ինչ երաշխիքներ է սահմանում իրենց համար: