Արայիկ Հարությունյանի ցինիզմն ու «լուսավորականությունը» (տեսանյութ)

Խորհրդարանում ու խորհրդարանից դուրս նույն պահանջն է հնչում` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա:  Ընդդիմախոսներին՝ խավարամիտ, իսկ իրեն ու իր թիմին  լուսավորական համարող նախարարին, բացի իր «լուսավորական» թիմից, մերժում են քաղաքական ուժերը՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, մերժում են  մասնագիտական ու գիտական, ուսանողական ու հասարակական լայն շրջանակները։

Մինչդեռ երեկ, ՀՀ քաղաքացու կողմից մերժված  նախարարին ատամներով պաշտպանեց հեղափոխական թիմը․ իշխանական 88 պատգամավորները խոնարհաբար մերժեցին ընդդիմության՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդումը:

Մի նախարար, որն իր պաշտոնավարման ընթացքում աչքի է ընկել տրանսգենդերի հետ հանդիպումներով, որը հայ հոգևորականին տեսնելով՝ ցինիկաբար շպրտեց՝ «է՞ս ով է» արտահայտությունը, որը «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերացրեց ուսումնական ծրագրերից, «Հայ գրականություն» առարկայից հանեց «հայ» բաղադրիչը, որը  թուրքական ուղղվածությամբ չափորոշիչներ է ներդրել մեր դպրոցական համակարգում՝ կշարունակի պաշտոնավարել, քանի որ այդպես է ցանկանում իշխող ուժը ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ,  ձախողված այս գործիչի միակ արժանիքն այն է, որ նա Գյումրուց քայլելով եկել է… Արայիկ Հարությունյանը  համարվում է  հեղափոխության սիմվոլներից մեկը, ու Փաշինյանը վախ ունի, որ եթե սիմվոլներից մեկը հեռացվի դաշտից՝ հեղափոխությունը կարող է վարկաբեկվել։ Ուրեմն, ավելի  լավ է փլուզվի Հայաստանի կրթական համակարգը,  քան վարկաբեկվի «թավիշը»: Այսպիսին է Հայաստանի հեղափոխական իշխանության մտածելակերպը։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը  գրականագետ, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում