Իրանը պատրաստվում է իրավիճակի լուրջ սրմանը տարածաշրջանում

Եվ այսպես, մեր հարևան Իրանը սկսում է զինված ուժերի կառավարման ու դրա անվտանգության ողջ համալիրը բարելավելու նոր մեծ ծրագիր: Սեպտեմբերի 6-ին Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին լրագրողների հետ զրույցում բացահայտել է երկրի սահմանների երկայնքով 10 հատուկ ռազմական բազաներ տեղակայելու որոշ ծրագրեր: Նա հայտարարել է, որ ցամաքային ուժերին անհրաժեշտ են հատուկ տակտիկական բնութագրերով ռազմաբազաներ՝ երկրի արևմտյան, հարավ-արևմտյան, հյուսիս-արևելյան և արևելյան սահմանների երկայնքով իրենց առաջադրանքները պատշաճ իրականացնելու համար: «Ըստ պլանների, սահմանի ողջ երկայնքով ներդրվել է շատ լավ սխեմա, առաջին փուլում նախատեսվում է կառուցել 10 հատուկ բազաներ»,- ավելացրել է նա, հաղորդում է Tasnim News գործակալությունը: Հրամանատարը նշել է, որ առաջին հատուկ ռազմաբազան բացվել է մի քանի օր առաջ, իսկ մնացած ինը աստիճանաբար շահագործման կհանձնվեն: Բրիգադի գեներալ Հեյդարին նաև մատնանշել է ցամաքային զորքերի պատրաստականությունը բարձրացնելու նպատակով պարբերաբար համատեղ և մասնագիտացված ռազմական զորավարժություններ անցկացնելու պլանները՝ հայտարարելով, որ զորավարժությունները ներառում են հատուկ մարտավարություն և սպառազինություններ:

Արևմտյան սահմանները, օրինակ, Թուրքիայի, Իրաքի և Հայաստանի հետ սահմաններն են, որոշ չափով՝ նաև Արցախի և Նախիջևանի հետ: Գեներալ Հեյդարիի հայտարարությունը նշանակում է միայն մեկ բան. այնտեղ, որտեղ տեղակայված կլինեն 10 հատուկ ռազմակայանները, Իրանի ռազմական հրամանատարությունը սպասում է ամենամեծ ռիսկերն ու սպառնալիքները: Կյանքը ցույց կտա, թե կոնկրետ որտեղ է Թեհրանը տեսնում ուղղակի վտանգը: Բայց զարմանալի է, որ չեն նշվել Ադրբեջանի հետ հյուսիս-արևմտյան սահմանները, չնայած իրանցի զինվորականները քաջ գիտեն և գիտակցում են, որ Ադրբեջանում ոչ պաշտոնապես գործում են Իսրայելի դիվերսիոն-քայքայիչ ռազմական հենակետեր և ԱՄՆ-ի այսպես կոչված «շարժական բազաներ»: Կապրենք՝ կտեսնենք… Այնուամենայնիվ, միանգամայն պարզ է, որ Իրանը Թուրքիայի հետ սահմանը չի դիտարկում որպես անվտանգ և հանգիստ:

Ավելի վաղ նույնպես շրջանառվում էր հետաքրքիր ոչ պաշտոնական տեղեկություն Թեհրանի մտադրությունների մասին: News.ru լրատվական պորտալը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Իրանը «լիովին պատրաստ է» հավանություն տալ միանգամից մի քանի նավահանգիստներում Ռուսաստանի ռազմածովային ուժերի ներկայությանը,  Oil Price գործարարական պարբերականին հայտարարել է Իրանի նավթի նախարարությանը մոտ բարձրաստիճան աղբյուրը՝ մեկնաբանելով Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև հարաբերությունների կարգավորմանը Թեհրանի հնարավոր պատասխանի տարբերակները։ Իրանական կողմը պատրաստ է համապատասխան հնարավորություններ ընձեռել նաև Չինաստանին, որի հետ աշխատում է համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ, պնդում է այդ աղբյուրը: Նոյեմբերի 9-ից Իրանի իշխանությունները, ըստ Oil Price-ի կարծիքի, պատրաստ են Ռուսաստանին և Չինաստանին տրամադրել բոլոր պայմանները Չաբահար, Բանդար-է-Աբաս և Բուշեհր նավահանգիստներում ռազմական ներկայության համար՝ համաձայն «համաձայնագրերի ռազմական տարրի», վկայակոչելով Իրանի նավթի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներին՝ հաղորդել է նախկին թրեյդեր և հայտնի տնտեսագետ Սայմոն Ուոտկինսը: Նրա վերլուծության մեջ չի նշվում, թե որ փաստաթղթերի մասին է խոսքը, բայց չի բացառվում, որ ՉԺՀ-ի դեպքում ենթադրվում է երկու երկրների միջև 25 տարի ժամկետով արդեն ստորագրված համապարփակ համագործակցության համաձայնագիր, որի բովանդակությունը առայժմ գաղտնիք է:

Եթե ​​մենք խոսում ենք Ռուսաստանի մասին, ապա, թերևս, նկատի ունեն 2001-ին կնքված երկրների միջև հարաբերությունների և համագործակցության սկզբունքների մասին Պայմանագրի նորացումը: Oil Price-ի նյութը շեշտում է, որ իրանական նավահանգիստներում օտարերկրյա ներկայությունն անխուսափելիորեն կուղեկցվի «չինական և ռուսական ռադիո-էլեկտրոնային պատերազմների միջոցների (EW) տեղակայմամբ, որը կներառի բոլոր երեք հիմնական ուղղությունները. էլեկտրոնային աջակցություն, ներառյալ զենքի օգտագործման վաղ նախազգուշացումը, ռադիո-էլեկտրոնային հարձակումը, որը ներառում է իրենց մեջ ռադիո-էլեկտրոնային հարձակման համակարգեր, ինչպես նաև էլեկտրոնային պաշտպանություն, այդ թվում՝ թշնամու կողմից ռադիո-էլեկտրոնային խցանումներից»: Հնարավոր է, գրում է Ուոթկինսը, որ իրանական նավահանգիստներում Չինաստանից և Ռուսաստանից ծրագրային և ապարատային ապահովման սարքավորումների տեղակայման մի մասը կլինի S-400- ի այնտեղ ուղարկելը`«ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակումներին դիմակայելու համար»: Բացի դրանից, Ուոթկինսը ենթադրում է նաև ռուսական «Կրասուխա» համալիրների տեղափոխումը, «քանի որ նրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը Սիրիայում»:

Իրանի նավահանգիստներում Ռուսաստանի ռազմածովային ուժերի հնարավոր ներկայության մասին ենթադրությունները այսօր չէ, որ հայտնվեցին: Մեկ այլ առիթ էր՝ Ռուսաստանի Դաշնություն Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հոսեյն Խանզադիի այցը, որն ասաց, թե իր երկիրը Ռուսաստանի հետ համաձայնագիր է ստորագրել ռազմածովային համագործակցության մասին, և որ Մոսկվան և Թեհրանը այժմ պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնելու Պարսից ծոցում: Սա արաբական լրատվամիջոցներին հիմք տվեց կարծելու, որ Մոսկվան կստանա Բուշեհրի և Չաբահարի նավահանգիստները «որպես առաջնային գծի ռազմական նավերի և միջուկային սուզանավերի ռազմակայաններ»: Այնուամենայնիվ, այն ժամանակ Սիստան-է-Բալուչիստան նահանգի նավահանգիստների և ծովային նավարկության գլխավոր տնօրեն Բեհրուզ Աղային ասաց, որ Իրանը չի կարող իր նավահանգիստները փոխանցել Ռուսաստանի վերահսկողության տակ՝ նրանց ռազմավարական նշանակության պատճառով: Խոսքը, ըստ նրա, չի կարող լինել նույնիսկ երկարաժամկետ վարձակալման մասին: Բայց Բուշեհրը առանձին պատմություն է, քանի որ հենց Ռուսաստանն էր Իրանի համար կառուցել Բուշեհրի ատոմակայանը և կկառուցի նոր ատոմակայաններ Իրանի համար: Բուշեհրի և այս նավահանգստում ռազմավարական նշանակության օբյեկտների լրացուցիչ պաշտպանությունը, կարծում ենք, ձեռնտու կլինի Իրանին: Ընդհանուր առմամբ, շատ ու շատ բան մեզ ասում է, որ Իրանն այժմ պատրաստ է անսահմանափակ ուժեղացնել իր առափնյա գծի և ծովային երթուղիների անվտանգությունը: Սեպտեմբերի 3-ին, ելույթ ունենալով Թեհրանում ռազմական ցուցահանդեսի շրջանակներում, Իրանի Պաշտպանության նախարարության ծովային արդյունաբերության կազմակերպության ղեկավար, փոխծովակալ Ամիր Ռաստեգարին կարևորեց Իրանի առաջընթացը էսկադրային ականակիրերի (էսմինեցների) և սուզանավերի արտադրության մեջ՝ ավելացնելով, որ Իրանի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրների (էսմինեցների) վրա կտեղադրվեն հեռահար ուղղահայաց թռչող թևավոր հրթիռներ, հայտնում էր Tasnim News- ը: Համադրելով այս տեղեկությունները բրիգադի գեներալ Հեյդարիի`երկրի սահմանների երկայնքով 10 հատուկ ռազմակայանների մասին հայտարարության հետ, մենք հասկանում ենք, որ Իրանը մանրակրկիտ, ինտենսիվորեն և ուժեղ թափով պատրաստվում է տարածաշրջանում իրավիճակի լուրջ սրմանը…

Սերգեյ Շաքարյանց