«Ինչպես կարող էր Փաշինյանը շնորհավորել Եվրոպայի վերջին բռնապետին». Սորոսը դժգոհել է ՀՀ վարչապետից. «Գոլոս Արմենիի»

«Կառավարության շենքի կենտրոնական մասնաշենքի ոչ ամուր փակված դռներից արտահոսած տեղեկության համաձայն՝ ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը Հայաստանում իր գլխավոր ներկայացուցիչ Լարիսա Մինասյանի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր դժգոհությունն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորական ուղերձի առնչությամբ: Եվ իսկապես, ինչպե՞ս կարող էր ինքնիշխան Հայաստանի ղեկավարը հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիների անունից վերընտրման կապակցությամբ շնորհավորել Եվրոպայի վերջին բռնապետին. անհեթեթություն և ոչ միայն»,-գրում է «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մինասյանը նույնիսկ ստիպված է եղել արդարանալ՝ նշելով, որ միջպետական հարաբերությունների ընթացակարգը պարտավորեցնում է և նման բաներ, սակայն Սորոսն անդրդվելի է եղել ու խնդրել է ամենայն մանրամասնությամբ Փաշինյանին փոխանցել, որ վերջինս իր շնորհավորանքով «համը հանել է»:

«Փաշինյանը որոշել է մանևրել, որպեսզի հավաքական Արևմուտքի ուշադրությունն իր վրա հրավիրի՝ հասկացնելով, որ եթե ներդրումներ չեք անում, ուրեմն ես ուրիշ խաղ կխաղամ: Սակայն արդյունքում Սորոսի կողմից քննադատվեց»,-շարունակում է աղբյուրը՝ նկատելով, որ «թավշյա հեղափոխության առաջնորդն ակնհայտ նյարդայնանում է, և նյարդայնանում է ոչ միայն նա»:

«Լարիսա Մինասյանը, Վարուժան Ավետիսյանը, Արման Բաբաջանյանը և այլ գործիչներ, որոնց հիմնական նպատակը ռուս-հայկական համագործակցության վարկաբեկումն է, չափազանց անհանգստացած են նրանով, որ Բելառուսում իրավիճակի կայունացման դեպքում ռուս-բելառուսական ինտեգրացիոն գործընթացներին արագացված տեմպ կհաղորդվի, և Փաշինյանը սեղմ ժամկետներում ստիպված կլինի որոշել՝ Հայաստանն այդ գործընթացներին մասնակցում է, թե ոչ: Երկու դեպքում էլ բացասական հետևանքներից խուսափել չի հաջողվի, մինչդեռ Փաշինյանն ամենևին էլ այն քաղաքական գործիչը չէ, որ կկարողանա երկար մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի միջև, քանի որ նրան կարող է անկյուն կանգնեցնել նույնիսկ Սորոսը»,-գրում է թերթը: