Թրամփը կրտսեր եղբոր մահից հետո առաջին անգամ կնոջ և որդու հետ հանրությանն է ներկայացել (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել կնոջ՝ Մելանյա Թրամփի և 14-ամյա որդու՝ Բարոնի հետ, գրում է Daily Mail -ը։

74-ամյա Թրամփի ինքնաթիռը դեպի Նյու Ջերսի նահանգ թռիչքից հետո կիրակի երեկոյան վայրէջք է կատարել Սպիտակ տան տարածքում:

Ինչպես նկատում է աղբյուրը, ինքնաթիռից դուրս գալով՝ նախագահը մռայլ տեսք է ունեցել, անցել է մարգագետինների միջով և ողջունել իր աջակիցների խմբին։ Մինչդեռ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը բարձր տրամադրություն է ունեցել։ Նա կրել է շագանակագույն զգեստ, որը համադրել է նույներանգ Hermès նորաձևության տան պայուսակի հետ։

Պարբերականի հաղորդմամբ՝ Թրամփը ոչ միայն սգում է իր եղբոր մահը, այլև վերջին շրջանում բախվում է աճող ճգնաժամերին․ ի լրումն շարունակվող COVID-19-ի համավարակին՝ Թրամփը նաև առերեսվում է շարունակվող քաղաքացիական անկարգություններին և տնտեսական մռայլ հեռանկարներին։

Հիշեցնենք, որ օրերս Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, մահացել է։

«Ծանր սրտով հաղորդում եմ, որ իմ հրաշալի եղբայր Ռոբերտն այսօր խաղաղությամբ կյանքից հեռացել է: Նա պարզապես իմ եղբայրը չէր, այլ լավագույն ընկերս: Ես իր կարիքը շատ կզգամ, սակայն մենք դեռ կհանդիպենք»,- նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Թրամփն այցելել էր իր կրտսեր եղբորը, որն այդ ժամանակ Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Աղբյուրը՝ Թերթ.am