«Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը` քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

«Չնայած միջազգային կառույցների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որոշումներին, հակամարտությունը լուծում չի գտնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նկատենք, որ Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնում: