Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ՝ ծանոթանալու այնտեղ տեղի ուենցած հզոր պայթյունից հետո հայ համայնքի ներկայացուցիչների կարիքներին: Այս մասին օգոստոսի 6-ի կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Սինանյանը Բեյրութ կմեկնի առաջիկայում այնտեղ ուղարկվելիք ինքնաթիռով, որը բժշկական պարագաներ ու միջոցներ  կհասցնի Լիբանանի կառավարությանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 11 հայ կա։