Էրդողանն անտեսեց Պուտինի խոսքը, թուրքական զորքը մտավ Նախիջևան (տեսանյութեր)

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության տեղիք է տվել նաև Ռուսաստանում:

Ինչպես արդեն նշել ենք հուլիսի 23-ի մեր «Գլոբալիստների ծրագիրը. Հայաստանի դեմ պատերազմով լուծել Պուտինի ու նրա իշխանության հարցերը» վերլուծականում, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հուլիսի 16-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ընդգծել է` «Իրավիճակի վտանգը կայանում է նրանում, որ այն կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա», ապա հավելել, որ տարածաշրջանն իսկապես բավականին պայթյունավտանգ է, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է չկարգավորված:

Նշելով, որ հիմա ամբողջ միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է հնարավորինս արագ դադարեցնել այն, ինչ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել վերջին օրերին, փոխարտգործնախարարն ասել է. «Այս կապակցությամբ անչափ կարևոր է այն պետությունների հավասարակշռված դիրքորոշումը, որոնք նաև Մինսկի խմբի անդամ են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խումբը շատ ավելի մեծ թվով պետությունների է միավորում, քան միայն երեք համանախագահողներն են: Այն երկրները, որոնք շրջապատում են, որոնք սահմանակից են այդ տարածաշրջանին, պետք է դրսևորեն առավելագույն հավասարակշռություն, պատասխանատվություն և զսպվածություն, այդ թվում՝ հրապարակային հռետորաբանության մեջ»:

Պարոն Ռուդենկոն ակնհայտորեն նկատի է ունեցել Թուրքիային, որը նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և շատ թափանցիկ ակնարկել այդ մասին, քանի որ դրանից առաջ մեր դեմ ուղղված որոշակի սպառնալիքներով և Ադրբեջանին աջակցության խոստումներով էին հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, նախագահ Էրդողանը: Նրանց այդ հրապարակային հայտարարությունները ճիշտ հակառակն էին հավասարակշռության, պատասխանատվության ու զսպվածության:

Ստեղծված իրավիճակից անհանգստացած է նաև անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օրերս քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանային իրադրությունը:

«Քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների, ներառյալ` Ադրբեջանի և Հայաստանի հետ, գլխավորապես այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրացման լույսի ներքո,- «ՌԻԱ Նովոստ»-ի տեղեկացմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դրանից հետո, հուլիսի 27-ին Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին իրավիճակի սրման համատեքստում քննարկելով Անդրկովկասում առկա վիճակը, կարևորել է լարվածության աճը խթանող ցանկացած գործողության անթույլատրելիությունը: Չնայած դրան, նախատեսված զորավարժություններին մասնակցող թուրք զինվորականները և Թուրքիայի զրահատեխնիկան հուլիսի 27-ին մտել են Նախիջևան:

Թուրքիայի ՊՆ հրապարակած տեսանյութի համաձայն, Նախիջևանի Սադարակի շրջանում, Արաքսի վրա գտնվող «Հույս» կամրջին տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական դրոշների փոխանակում: Այլ տեղեկությունների համաձայն, հանդիսավոր արարողության ժամանակ Թուրքիան երկինք է բարձրացրել կործանիչներ: Թուրքիայի վերոնշյալ քայլն, անշուշտ, տարածաշրջանում լարվածության աճը խթանող գործողություն է, և այն հենց այդպես են ընկալում և՛ Հայաստանի շարքային քաղաքացիները, և՛ ՀՀ ԶՈւ ղեկավարությունը: Թերևս պատահական չէ, որ Թուրքիայի հիշյալ գործողությանն արձագանքելով, վերջին օրերին Հայաստանում ևս կործանիչներն օդ բարձրացվեցին, դրանք սուրում էին նաև Երևանի երկնքում:

Ինչպես արդեն հայտնի է, ադրբեջանա-թուրքական մարտավարական և թռիչքա-մարտավարական լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք սկսվել են այսօր և ավարտվելու են օգոստոսի 10-ին, ընթանում են երկու պետությունների ցամաքային զորքերի և ռազմագդային ուժերի մասնակցությամբ, մարտական կրակի կիրառմամբ: Զորավարժությունները, Նախիջևանից բացի, ծավալվելու են նաև Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) և Քյուրդամիրում:

Եթե Հայաստանում կործանիչների թռիչքը նույնիսկ զուտ ուսումնավարժական ու թուրք-ադրբեջանական հիշյալ գործողություններին պատահական հանընկնում համարենք, ապա հաստատ պատահական չէ Նախիջևան Թուրքիայի զինված ուժերի մտնելու հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

ՀՀ ՊՆ հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառոցողական և կայունացնող դերակատարությունը:

Դավիթ Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման:

Դեսպան Կոպիրկինը կրկին անգամ վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները»:

Պատահական չէ նաև այն, որ դարձյալ նույն օրը` հուլիսի 28-ին, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս իրավիճակին»։

Ավելորդ չենք համարում հիշեցնել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի՝ հրամանատարներին և զինվորներին ուղղված հրապարակային մարտական կոչի գլխավոր ուղերձը. «Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»:

Ահա այս իրավիճակում «ՀՀ Ազգային ժողով» կոչվածի իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, թե «Թուրքիան չի միանա Ադրբեջանին` Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում»: Բնականաբար, հարց է առաջանում` ախր ի՞նչ գիտեք… Թուրքիան չի՞ միանա Ադրբեջանին, եթե այն Հայաստանի և Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծի, այդ պարագայում մեզ թո՞ւյլ կտա, որ հակագրոհով հասնենք մինչև Գանձակ ու Բաքու, թո՞ ւյլ կտա, որ Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրենք… Սա՞ է իշխող խմբակցության ղեկավարի քաղաքական հասունության և աշխարհաքաղաքական իմացության մակարդակը… Այսպիսի դեպքերում կանգնում ես հայտնի երկվության առջև` խնդա՞լ թե լալ…

ՀՅԴ անդամ, պատմաբան Բագրատ Եսայանը որոշել է հեգնել և «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ճանաչեցի՞ք։ Լիլիթ Մակու՞նցն է։ Ձեզ միայն թվում է։ Սա մեր հպարտությունն է, սուպերգործակալը՝ Մարդ-սարդը (Человек паук), Մարդ-կրետը (Человек оса), Մարդ-թիթեռը (Человек-мотылек), Մարդ-մրջյունը (Человек-муравей) և վերջապես Անտեսանելի մարդը (Человек-невидимка) նույն դեմքում!!! Նա կարողացել է էս վերջին 3-4 օրը թափանցել է թուրքական պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ, ուսումնասիրել և լուսանկարել է քարտեզներն ու գործողությունների պլանները, այնուհետև ինքնաներդրվել է Էրդողանի ու Չավուշօղլուի ականջներում ու ուղեղներում, թուրքական կառավարական կապի լարերում ու «պարզել» է ամեն ինչ։

Կարող ենք հիմա հանգիստ լինել՝ ինքը սաղ իմանումա!!!!

Հ.Գ. Զգույշ եղեք, փաստորեն ոչ միայն բոլորն են իրա մեջ, այլև ինքը բոլորի մեջ ազատ ներսուդուրս կարա անի»:

Ի դեպ, Լիլիթ Մակունցն իր վերոնշյալ հայտարարությամբ, ըստ էության, հակասել է Ֆեյսբուք-ի իր էջում հուլիսի 17-ին կատարած գրառմանը, որում մասնավորապես նշված է. Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրադարձությունների ծավալման ֆոնին Թուրքիան ադրբեջանական ռազմական ագրեսիան ողջունող և նույնիսկ խրախուսող հայտարարություններով ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ պետությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։

Թուրքիայի այս գործելաոճը չպետք է անարձագանք մնա միջազգային հանրության կողմից, քանի որ հարցականի տակ է դրվում թե՛ մեր և թե՛ ավելի մեծ տարածաշրջանային կայունությունը»:

Արթուր Հովհաննիսյան