Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է երեկ` հուլիսի 23-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

Աբդուլաևան հայտարարել է, թե հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը «հերթական հարվածն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցային գործընթացին»:

Աբդուլաևայի խոսքով՝ «դրանով Հայաստանը ցանկանում է կանգնեցնել բանակցային գործընթացն ու հանդես է գալիս դրա ձևաչափը փոխելու պահանջով, սակայն ձևաչափը չի կարող փոխվել»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։

«Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և սպառնալիքներով։ Եվ հիմա կարող ենք ասել, որ ՀՀ-ն ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այդ սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»։

Վարչապետը նաև խոսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական գյուղերը, խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։

«Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։