Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան կիրականացնի իր պարտավորությունները. Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նա նշել է՝ Բաքուն չի մարսել Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմում իր պարտությունը, ու դա միայն բառերով չէ, որ արտահայտվում է: 2016-ի ապրիլին Բաքվի ակնհայտ ցանկությունը կար՝ ցուցադրել իր ուժը, փոխել ստատուս-քվոն: Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, բայց բոլոր մասնակիցները պետք է հստակ գիտակցեն՝ ինչ ռիսկի են դիմում իրենք: Մենք չէինք ցանկանա, որ Բաքուն կամ Երևանը ներքաղաքական պատճառներով հարձակումն օգտագործեին իրենց դիրքերի ամրապնդման համար: Իսկ այդ պահը կա՝ և համավարակ է, և տնտեսական ճգնաժամ: Ժողովրդին առկա խնդիրներից շեղելը գայթակղիչ միտք է, և Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում հրադադարի ռեժիմի խախտման ցանկացած դեպքի՝ այն հրադադարի, որ այդքան դժվարությամբ ձեռք բերվեց 1994-ին:

Հարցին՝ որքանո՞վ է Ադրբեջանն անկախ իր որոշումներում, արդյո՞ք նա քայլերի է գնում երրորդ կողմի դրդմամբ, Զատուլինը պատասխանել է, որ Բաքուն լրիվ անկախ է:

«Բաքվի հռետորաբանությունը, ռազմական բյուջեի ավելացումը, անխոս, կապված են 90-ականներին պատերազմում ունեցած անհաջողությամբ: Ադրբեջանի ղեկավարությունն այդ քաղաքականության գերին է դարձել: Սակայն Ադրբեջանը, ինչ խոսք, դաշնակիցներ ունի: Նրանցից գլխավորը Թուրքիան է, որն անմիջապես հիշեց «Երկու երկիր, մեկ ժողովուրդ» կարգախոսը: Շարունակվում են նրանց փոխադարձ ռազմական շփումները, ցուցադրական հայտարարություններն այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանի տրամադրության տակ են: Սա այլ կերպ կարելի՞ է մեկնաբանել, եթե ոչ՝ այս պայթյունավտանգ տարածաշրջանում կոնֆլիկտ թեժացնելու փորձ։ Ես մտահոգությամբ եմ խոսում այն մասին, որ սրացում կարող է տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Մինչ այժմ դա չի նշվել, բայց նման սցենարը միանգամայն հնարավոր է»,- նշել է նա:

ՀԱՊԿ անդամ որևէ երկրի վրա հարձակումը նշանակում է՝ բոլորի վրա հարձակում, սակայն այս սկզբունքը չի գործում Լեռնային Ղարաբաղի դեպքում: Լրագրողի նկատառմանը Զատուլինը պատասխանել է. «Միանգամայն ճիշտ է: Հետևաբար, ոմանց համար այս տարբերակը կարող է գայթակղիչ լինել»:

«Իսկ Ռուսաստանը կօգտվի՞ ՀԱՊԿ իր լծակներից, եթե հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակվի» հարցին Զատուլինը պատասխանել է.

«Հուսով եմ, որ բոլոր շահագրգիռ երկրների պատասխանատու քաղաքական գործիչները իրենց հաշիվ են տալիս, թե ինչն է վտանգներ կան և ինչ կորուստներ կարող են լինել, եթե հույզերն ու իրեն դրսևորելու ցանկությունը գերիշխի ինչ-որ մեկի մոտ: Ռուսաստանը պարզապես պարտավոր է Հայաստանի վրա հարձակման դեպքում իրականացնել Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները:

Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է շտապենք ֆիննական դանակով առաջ նետվել՝ «Հանուն հայրենիքի» գոռալով: Ավելին, մենք մեզ թույլ չենք տա շահարկել: Եվ մենք անպայման դուրս կգանք ի պաշտպանություն հայ ժողովրդի: Ւնչպես և ինքը, հուսով եմ, որ կպաշտպանի մեր ընդհանուր արժեքները:

Լրագրողի դիտարկմանը, թե հայերն ու ադրբեջանցիները իրենց հաշիվներն են պարզում Ռուսաստանի տարածքում՝ բանջարեղենի նույն շուկաներում, դուրս գալով իրավական հարաբերությունների շրջանակներից, Զատուլինը պատասխանել է. «Չի բացառվում, երբ մարդիկ կենցաղային մակարդակով փորձում են գտնել բարդ խնդիրների պարզ լուծումներ: Հույս ունեմ, որ իրավասու մարմինները շատ ուշադիր հետևում են, որպեսզի դրդելու փորձեր չլինեն: Հատկապես շահագրգիռ երկրների ներկայացուցիչներից: Սա ամենալավ ժամանակն է ազդելու համար ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների վրա, այլև հայկական և ադրբեջանական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների մտքի վրա»: