Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հրադադարի խախտումները հայ- ադրբեջանական սահմանին

Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները:

Այս մասին Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարության խոսնակի հայտարարությունը հրապարակված է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում:

«Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով և խորապես ցավում է մարդկանց զոհվելու համար: Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը և երկխոսության մեջ մտնել ՝ իրավիճակը դեէսկալացնելու և հետագա զոհերից խուսափելու համար»,- ասել է խոսնակը:

ԱԳՆ-ը երկու կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ հռետորաբանությունից, որը կարող է ավելի մեծացնել լարվածությունը։

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը և ընդգծում է պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է նախարարության խոսնակը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: ,Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվելե,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղից ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:

 Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծումը հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողություններից վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոստիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։

 Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերը հրետանային միջոցներ չեն կիրառվել։  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հուլիսի 14-ին, ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում:

Հուլիսի 15-ին ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց վիրավոր զինծառայողների վիճակի մասին, նշելով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։

Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։