ՇՎՏՄ-ը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանում և «Առինջ մոլում». հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ մոլում»:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Ստուգայցերի ընթացքում «Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Առևտրի կետերում առկա թերությունները տեղում շտկվել են:

Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ ներկայացուցիչների կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում են պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ: