Աշխարհի 32 երկրների 239 գիտնականներ ԱՀԿ-ին կոչ են արել՝ չթերագնահատել օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսի տարածման վտանգը

Մի խումբ գիտնականների խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թերագնահատում է կորոնավիրուսի օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգը,  գրել է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՀԿ-ին ուղղված բաց նամակում 32 երկրների 239 գիտնական կոչ է անում ավելի մեծ կարևորություն տալ Covid-19-ի օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգին և կառավարությունների կողմից դրա դեմ պայքարի միջոցների ձեռնարկման անհրաժեշտությանը։

ԱՀԿ-ի ուղեցույցում ասվում է, որ վիրուսը հիմնականում փոխանցվում է շնչառական ուղիների և շփման միջոցով:

Մինչդեռ օդակաթիլային ճանապարհով փոխանցումը ենթադրում է շատ ավելի փոքր մասնիկներ, որոնք կարող են երկար ժամանակ մնալ օդում և դիմացինին փոխանցվել նույնիսկ մեկ մետրը գերազանցող հեռավորության վրա:

ԱՀԿ վարակների կանխարգելման հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ չնայած օդակաթիլային փոխանցումը կարող է որոշակի դեր խաղալ, կան անհերքելի ապացույցներ, որ փոխանցման հիմնական ուղիները ուղղակի շփումն են և հազի, փռշտոցի կամ խոսքի ժամանակ վիրուսի շնչառական ուղիներով տարածումը: ԱՀԿ-ում հայտարարել են, որ օդակաթիլային վարակումից պաշտպանվելու նոր միջոցների ներմուծումը նպատակահարմար չէ և դժվար թե դա խստորեն ազդի վարակի տարածման վրա:

Սակայն գիտնականներն իրենց նամակում պնդում են, որ իրականում կորոնավիրուսի տարածման հարցում օդակաթիլային փոխանցումը կարող է ավելի մեծ դեր ունենալ, քան ԱՀԿ-ն համարում է: