Արտակարգ դրության այս պայմաններում, երբ երկիրը օրհասական խնդրի առաջ է կանգած, իշխանությունները, միևնույն է, շարունակում են հաշվեհարդար տեսնել ՍԴ-ի կամ ՍԴ դատավորների նկատմամբ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և այսօր ժամը 13:00-ին «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստին, որտեղ քննարկվելու է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ նշեց. «Նախկինում բազմաթիվ առիթներ ունեցել ենք, ասելու, որ Սահմանադրական դատարանի հետ կապված թնջուկը դարձել է իշխանությունների թիվ մեկ խնդիրը:

Առանց հեգնանքի, առանց սարկազմի ասում եմ, որ իսկապես ցավ եմ ապրում, որ հատկապես այսօր, այս  իրավիճակում, արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրը օրհասական խնդրի առաջ է կանգած, իշխանությունները, միևնույն է, շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ: Մենք այս գործընթացի հետ կապված բազմաթիվ անգամ մեր տեսակետները հնչեցրել ենք: Սկսած դատարանները շրջափակելուց, Սահմանադրական դատարանի դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելուց, այնուհետև հանրաքվեի հռչակումից, իսկ հետո չեղարկելուց` հիմա էլ Սահմանադրական փոփոխությունների այս նախգիծը, որով նախատեսվում է 12 տարին պաշտոնավարած դատավորներին թոշակի ուղարկել,  գալիս է վկայելու այն հանգամանքը, որ իշխանությունները պարզապես չեն ուզում ունենալ Սահմանադրական դատարան, և, պարզապես, փորձ է արվում ունենալ ձեռնասուն Սահմանադրական դատարան: Ես հասկանում եմ, որ միգուցե իշխանությունների սրտի Սահմանադրական դատարանի դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, ով մեկ տարի շարունակ, չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 միլիոն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից, բայց չի կատարել որևէ գործառույթ, որը օրենքով պարտավոր էր իրականացնել, բայց ուզում եմ միգուցե վերջին անգամ զգոնության, սթափության կոչ ուղղել իշխանություններին, իսկապես  այսօր դրա ժամանակը չէ:

Իվետա Տոնոյանը նշեց, որ այս նախագծը հակասում է Սահմանադրության առաջին և  երրորդ մասերին, կան բազմաթիվ հակասություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ունի բացասական գնահատականներ: «Կոչ եմ անում, պարզապես, առաջնորդվել այն օրակարգով, որը այսօր ծառացած է մեր երկրի առաջ, իսկ դա, վստահաբար,  Սահմանադրական դատարանը կամ  ՍԴ դատավորներից ձերբազատվելը չէ»,- հավելեց պատգամավորը: